Բաժիններ՝

«Ընդհանրապես հետաքրքվե՞լ եք՝ լավ, ի՞նչ եղավ էս մարդու իրավունքների պաշտապանի հետ». Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ նսիտում քննարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ներկայացրեց, որ ՄԻՊ ընտրությունը պետք է կատարվի նոր Սահմանադրությամբ, որի 10-րդ գլուխը վերաբերում է ՄԻՊ ընտրության կարգին: Նա նշեց, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը պետք է առաջադրի և ԱԺ-ն 3/5-րդով պետք է ընտրի, թեկնածուներ կարող են առաջադրել նաև հանձնաժողովում չընդգրկված պատգամավորները: Հ.Սահակյանը նշեց, որ թեկնածուին ներկայացվում են նույն պահանջները, ինչ ԱԺ պատգամավորներին:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը տարակուսանք հայտնեց, թե ինչու է Կարեն Անդրեասյանը, որ փայլուն զեկույց ներկայացրեց, հանկարծ հրաժարական տվեց: Նա հարցադրում արեց, թե հնարավո՞ր չէ, որ Անդրեասյանը գա ԱԺ և խոսի իր հրաժարականի դրդապատճառների մասին:

Ըստ Հ.Սահակյանի՝ կանոնակարգը թույլ չի տալիս, որ ՄԻՊ-ը գա և ԱԺ նիստում ներկայացնի իր հրաժարականի պատճառները, իսկ թե ինչպե՞ս կարելի է նրան հրավիրել հանձնաժողովներ, Սահակյանը ելքը չգիտի:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կ.Անդրեասյանն առաջին մարդու իրավունքների պաշտպանն է, որ սկանդալային ֆոնով է հրաժարական տվել: Նա տարօրինակ համարեց, որ ՄԻՊ ընտրության հարցը քննարկվում է պետաիրավական հանձնաժողովում և ոչ թե Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում, քանի որ դա նույն է, թե Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածուն կրթության և գիտության հանձնաժողովն առաջադրի:

«Քանի որ 3 օմբուդսմենների հետ կապված խնդիր ունենք, Դուք ձեր հանձնաժողովում ընդհանրապես հետաքրքվե՞լ եք՝ լավ, ի՞նչ եղավ էս մարդու իրավունքների պաշտապանի հետ: Էնտեղ խոսակցություններ են գնում, որ ինչ-որ հարկադրանքներ են կիրառվել, ստիպել են մարդուն, խոսակցություններ կան շանտաժի մասին»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հարցադրում անելով, որ արդյոք այդտեղ քրեական հանցակազմ չկա՞ և իրավապահ մարմինները չպե՞տք է քննեն գործը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս