Փոխադարձ մեղադրանքներ ԱԺ-ում՝ ԵԽ ԽՎ զեկույցների պատճառով

Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ հայ պատվիրակների սխալ քայլեր անելու արդյունքում առաջին անգամ ԵԽ ԽՎ-ում ընդունվեց բանաձև, որում ԼՂ-ն ներկայացվում է՝ որպես բռնազավթված տարածք, կոչ է արվում հայկական զորքերը դուրս բերել այնտեղից: Ըստ նրա՝ կարելի էր սրանից խուսափել, եթե ճիշտ քայլեր արվեին: Լ.Զուրաբյանն առաջարկեց պոստֆակտում խորհրդարանական լսումներ անցկացնել:

«Չի կարելի անընդհատ որոշակի տեղեր մազեր, կիքսեր գտնել»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ԵԽ ԽՎ-ում մեկ խմբակցություն է կողմ եղել այդ բանաձևերին՝ Լիբերալների և դեմոկրատների խմբակցությունը, որի անդամ է Լևոն Զուրաբյանը. «Փաստն ենք արձանագրում»:

Լ.Զուրաբյանը ցավ հայտնեց, որ Հերմինե Նաղդալյանը չի տեղեկացրել, որ ԱԼԴԵ-ի խմբի ղեկավարը պաշտոնապես դիմել է իր ելույթի սխալ թարգմանության համար, որ, իբր թե ինքն աջակցել է այդ բանաձևերին: Ըստ նրա՝ ամբողջ իշխանական քարոզչամեքենան լծվել էր ապացուցելու, որ Ստրասբուրգում ոչ մի վատ բան չի եղել, բայց շատ վատ բան է եղել՝ առաջին ագամ ԼՂ-ն այդ բանաձևերում կորցրել է իր ինքնուրույն գործոն լինելու ճանաչումը, առաջին անգամ ԼՂ-ի մասին խոսվում է՝ որպես Ադրբեջանի օկուպացված տարածք, ընդ որում՝ ՀՀ-ի կողմից. «Սա ձախողում է, սա պարտություն է, և պետք է քննարկել, թե ինչպես անենք, որ նման բան այլևս չկրկնվի»:

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի խոսքով՝ այդ բանաձևերի պատմությունը պետք է մտորումների առարկա դառնա, բայց այդ քվեարկության լավագույն գնահատականն Իլհամ Ալիևի կողմից 30-40-րոպեանոց ելույթն էր, որտեղ Ալիևը, իրեն մեկուսացնելով ԼՂ շուրջ բոլոր գործընթացներից, ՄԽ վերաբերյալ հայտնում է նախադեպը չունեցող դժգոհւթյուն, մեղադրում է հակամարտության չկարգավորման մեջ, ամբողջ Եվրոպային մեղադրում է երկակի ստանդարտներով առաջնորդվելու և հայերի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունենալու մեջ և բանաձևերի քվեարկության արդյունքը պայմանավորում է Եվրոպայի կողմից իսլամաֆոբիայով:

Ս.Ֆարմանյանը կոչ արեց՝ «սևը չներկայացնել սպիտակ, և սպիտակը՝ սև, չխառնել ամեն ինչ»: Նա կրկնեց, որ ԵԽ ԽՎ-ում միայն մեկ խմբակցություն է եղել բանաձևերն ընդունելու օգտին, և այդ խմբակցությունում ներկայացված է Լ.Զուրաբյանը, ու թեև ինքը չի մեղադրում ոչ մեկին, բայց «սրեր ճոճելու կարիք չկա»:

Պատգամավոր Հրանտ Բագրատյանը կոչ արեց գործընկերներին, որ ԱԼԴԵ խմբակցության քվեարկությունը հանգիստ թողնեն և «ռազբորկա չանեն»: Նրա խոսքով՝ ով ինչ ծանոթ ունի, գնում ու խոսում է նրա հետ՝ անկախ կուսակցությունից. «Այս հարցն այլևս չկրկնվի»:

ԱԺ փոխխոսնակ, ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ զեկույցները համապետական խնդիր էին, և կոչ արեց ձեռնպահ մնալ որևէ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց. «Սրեր ճոճելը կռվից հետո աշխատանքի փոխարեն՝ հայկական հին բարի ավանդույթ է, բայց եկեք հեռու մնանք այս ավանդույթից: Մեր հանրության մեջ բավական շատ մարդիկ կան, որ իրենց հոգու կանչով այս պահին վշտակցում են Ալիևին, կարող ենք ասել՝ շարունակեն նույն ոգով, ինչ մինչև այս»:

Տեսանյութեր

Լրահոս