Շտայնմայերը կոչ է արել ուժեղացնել վերահսկողությունը ԵՄ սահմաններին
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է Եվրամիության սահմանների վերահսկողությունը ուժեղացնելու մասին, հայտնում է dw.com-ը:
Նման միջոցառումները, նրա կարծիքով, հարկավոր են՝ կապված այն հաղորդագրությունների հետ, որ ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման անդամների տրամադրության տակ են հայտնվել մեծաթիվ անձնագրային բլանկներ:
«Կարևոր է, որ մենք նորից մեծ վերահսկողություն ունենանք նրանց նկատմամբ, ովքեր մուտք են գործում ու դուրս են գալիս ԵՄ-ից»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը:
Շտայնմայերը նշել է, որ Եվրահանձնաժողովի առաջարկը՝ ամրապնդել Frontex-ը եվրոպական սահմանային կետերում ու Թուրքիայի հետ պայմանավորվածությունները, կարևոր անկյունաքարեր են այդ նպատակին հասնելու համար:
Միաժամանակ, գերմանացի նախարարը նախազգուշացրել է, որ «չխառնեն փախստականներին ենթադրյալ ահաբեկիչների հետ», որոնց մեծ մասը սերում է հենց Եվրոպայից:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԴԱԻՇ-ի զինյալների տրամադրության տակ են հայտնվել տասնյակ հազարավոր անձնագրային բլանկներ Իրաքի, Սիրիայի ու Լիբիայի մի քանի քաղաքներում: