Բաժիններ՝

Կալանավորվել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության գեներալներից մեկը

Ադրբեջանական ոչ կառավարական ԶԼՄ-ները, հղում կատարելով իրենց աղբյուրներին, հայտնում են, որ կալանավորվել է գեներալ Էլչին Գուլիևը, ով մինչև այս տարվա հոկտեմբեր ամիսը ղեկավարել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության հակաահաբեկչական կենտրոնը: Այս մասին հայտնում է contact.az-ը:

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության ղեկավար Էլդար Մահմուդովին աշխատանքից ազատելուց հետո Գուլիևը հեռացվել էր իր պաշտոնից ու ուղարկվել դասախոսելու Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության ակադեմիայում:

Պաշտոնական հայտարարություն Գուլիևին կալանավորելու մասին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը չի արել, որը հետաքննում է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության համակարգում հանցագործությունների փաստերը: Մամլո ծառայությունից որևէ տեղեկություն ստանալու վերաբերյալ գործակալության փորձերը ձախողվել են:

Թե ինչն է ադրբեջանցի գեներալին կալանավորելու պատճառը, դեռ հայտնի չէ: Սակայն հայտնի է, որ մի քանի օր առաջ Բաքվի քննչական մեկուսարանում կախվելու միջոցով ինքնասպան էր եղել Գուլիևի տեղակալը՝ գնդապետ Իլգար Ալիևը: Նրա անունը շրջանառվում էր կալանավորված լրագրող Պարվիզ Հաշիմլիի գործի շրջանակում:

Հիշեցնենք, որ ներկայում Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության կալանավորված սպաների թիվը գերազանցել է 20-ը, որոնց թվում կա 4 գեներալ:
Նրանք մեղադրվում են հափշտակությունների, շորթման, շանտաժի, անօրինական գաղտնալսումներ իրականացնելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս