Պերմյակովի խոսքերը բնորոշ են սատանիզմին. աստվածաբան

Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները դեկտեմբերի 18-ին դատարանում հայտարարեցին, որ սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը սատանիստ է: Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Աշոտ Մանուչարյանի հետ զրուցել ենք այն մասին, թե ինչ է սատանիզմը և արդյոք Վալերի Պերմյակովը կարո՞ղ էր սատանիստ լինել:

– Ավետիսյաններ իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբանները հայտարարեցին, որ Վ. Պերմյակովի՝ «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի էջում հայտնաբերվել է պայմանագիր սատանայի հետ, որում մասնավորապես ասվում է՝ «…դրսևորես ցանկացած անուշադրություն, այդ ժամանակ այս պայմանագիրը և միությունը չեղյալ են համարվում և ընդմիշտ կորցնում են ուժը: Վերը նշված խոստումների փոխարեն` ես երդվում եմ և խոստանում եմ Քո տնօրինությանը հանձնել մի քանի կանանց և տղամարդկանց: Բացի այդ՝ ես հրաժարվում եմ Աստծուց, ինքը Սուրբ Երրորդությունից, ես ամբողջովին հրաժարվում եմ այն երդումներից, որոնք տրվել են հանուն ինձ մկրտության ժամանակ և ենթարկվում եմ քեզ մարմնով և հոգով ընդմիշտ և հավերժ»: Այս խոսքերը կարո՞ղ են բնորոշել լինել սատանիստի:

– Այո, իհարկե, միանգամայն կարող են բնորոշ լինել: Որքան ես գիտեմ, նրա հայրն էլ աղանդի անդամ է եղել՝ ամերիկյան մի աղանդի ներկայացուցիչ է: Եթե այդ ընտանիքում արդեն իսկ հակում է եղել դեպի ոչ քրիստոնեական կամ քրիստոնեական հերձվածներ, բնականաբար անցել է իրենց որդուն: Առհասարակ բոլոր աղանդների, այդ թվում սատանայապաշտների թիրախը երիտասարդներն են: Դուք՝ երիտասարդներդ, հեղհեղուկ եք, ձեր սկզբունքները դեռևս կարծրացած չեն, համոզմունքները փոփոխական են: Բացի դրանից՝ երկրի վաղվա օրն եք: Իսկ ինչպե՞ս են սատանիստներն իրենց շարքերը ներգրավում երիտասարդներին: Խոստանում են գերբնական ուժ, հարստություն, փառք, ինչպես մի շարք աղանդներ, որ խոստանում են ինտելեկտուալ և ֆիզիկական կարողությունների, ընդունակությունների բազմապատկում:

Հրավիրում են ժամանցի վայրեր, անվճար թմրադեղ են տալիս, սեքսուալ հաճույքներ (ներողություն բառի համար) և նկարահանում այդ ամենը: Հրաժարվելու դեպքում շանտաժի են ենթարկում՝ համացանցով կտարածենք, աշխատավայրում կհրապարակենք, այսինքն՝ աշխատում է ահաբեկման, շանտաժի մեխանիզմ: Եվ այսպես կամաց-կամաց ներքաշում են հիմնականում երիտասարդներին: Սատանայապաշտական բազմաթիվ խմբակներ կան: Եթե ավելի լուրջ երկրների մատը խառը չէ այդ ոճրագործության մեջ… Ես կարծում եմ՝ այն ուժերն են արել, որոնք դեմ էին Ռուսաստան-Հայաստան դաշինքին և հիմա միգուցե շրջանառության մեջ են դրել այդ տեսակետը:

– Սպանության դեպքի վայրում՝ Ավետիսյանների տանը, զինվորական հագուստ է հայտնաբերվել, որի վրա գրված է եղել «Պերմյակով»: Սատանիստը կարո՞ղ է իրեր թողնել՝ իր անձն ընդգծելու համար, որ սատանան տեսնի: Այդպիսի երևույթներ բնորո՞շ են սատանիստներին:

– Բնորոշ են: Եթե մարդ սպանում է իր մորը և աղոթում կամ սատանային գրում է, որ ես որպես օձ այն աշխարհ ուղարկեցի մարդուն, որ ծնել է ինձ և փորձում է վերահսկել իմ գիտակցությունը, ասում է՝ սատանա, Սադայել կամ Լյուցիֆեր, տես, որ ես դա արել եմ հանուն քեզ, քո սիրո: Երևի նաև հարցնեք, թե ինչն է դրդում մարդկանց սատանայապաշտ դառնալ: Ասեմ՝ քանի որ դժվար է քրիստոնեական նորմերով ապրելը, մանավանդ երիտասարդների համար:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթի վաղվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս