Բաժիններ՝

«Հնարավոր է՝ Պերմյակովը գործել է պահի թելադրանքով, նրա մոտ ներքին դիվական ուժերի մղում կար»

«Ասպարեզը» սատանայապաշտության վերաբերյալ զրուցել է Շիրակի թեմի հոգեւոր առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ:

Հարցին, թե ի՞նչ է իրենից ներկայացնում սատանայապաշտությունը (դիվապաշտություն), Սրբազանը պատասխանեց, որ Փառք Աստծո, ինքը սատանայապաշտության մասնագետ չէ, սակայն դրա վերաբերյալ որոշ բաներ կարող է ասել:

-Որքանով որ գիտեմ, սատանայապաշտությունն իրենից ներկայացնում է հրաժարում Աստծուց եւ երկրպագություն սատանային, անելով այն բոլոր բաները, որոնք արգելել է Աստված եւ չանելով այն բաները, որոնք Աստված թելադրել է: Սա սատանայապաշտության հիմնական գաղափարախոսությունն է եւ սատանայապաշտների բոլոր սիմվոլներն էլ շրջված են. Աստվածաշունչը կարդալ հետեւից, խաչը դնել գլխիվայր: Սատանայապաշտության հիմնական ծիսակատարություններից է նաեւ սեւ պատարագը: Այն շրջված պատարագն է, նաեւ զոհաբերությունը. այդ թվում մարդկային եւ մանկահասակ երեխաների ու անմեղ մարդկանց,-«Ասպարեզի» հետ զրույցում նշեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի հոգեւոր առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Վերջինիս խոսքով, մարդը գտնվում է բարի եւ չար ուժերի շփման գծում եւ նրանից է կախված սատանայապա՞շտ դառնալ, թե՞ ոչ: «Եթե անձը ենթարկվում է բարի ուժերին, ապա երկրպագում է Աստծուն, իսկ եթե չար ուժերին, այդ դեպքում երկրպագում է սատանային: Դիվական ուժերը մարդկանց ներշնչում են, որ Աստված տկար է, քանի որ բարի է, իսկ բարությունը թուլություն է, որը միշտ պարտվում է, այս աշխարհի իշխանը սատանան է, Աստված կարծես թե անտարբեր է մարդկանց հանդեպ, չի խառնվում իրենց գործերին, մինչդեռ սատանան խառնվում է, ուստի պետք է հրաժարվել Աստծուց ու երկրպագել սատանային»:

«Ասպարեզի» հաջորդ հարցին՝ արդյո՞ք երեխաներին սպանելը կարող է սատանայապաշտության դրսեւորումներից լինել, Սրբազանը պատասխանեց, որ սատանայապաշտության մեջ երեխաների սպանության եւ զոհաբերության դեպքեր շատ են եղել:

Անդրադառնալով Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանությանը, «Ասպարեզը» Սրբազանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ սատանայապաշտը կարող է մարդկանց սպանել, հետո ասել, որ ինքը չի արել, կամ առհասարակ նման դեպքեր պատահու՞մ են, երբ սատանայապաշտները մարդկանց սպանում են ու հետագայում հրաժարվում իրենց մեղքն ընդունելուց:

-Սատանայապաշտները միշտ ժխտում են, թե այդպիսի բան կա, որ իրենք երեխաների սպանության, զոհաբերության ծեսեր ունեն: Բայց անկախ նրանց հրաժարվելուց փաստն այն է, որ սատանայապաշտների մեջ շատ մեծ տոկոս են կազմում անմեղ մարդկանց արյուն թափելը: Հիշեք, թե Ռուսաստանում քանի հոգեւորականի սպանեցին. նույն սատանայապաշտների ձեռագիրն էր: Սատանայապաշտները զոհ են մատուցում՝ ապացուցելով իրենց նվիրվածությունը սատանային: Ո՞վ պետք է անմեղ մարդուն, երեխային սպանի, ի՞նչ ապացուցելու համար: Ուրեմն մի բան ունի ապացուցելու չէ՞: Ի՞նչ է ուզում ապացուցել. իր նվիրվածությունը սատանային»,-պարզաբանեց Շիրակի թեմի հոգեւոր առաջնորդը:

Նրա խոսքով Պերմյակովը չի ասել, որ ինքը չի կատարել այդ հրեշավոր ոճրագործությունը: «Առաջին օրը, երբ ես այդ ամենի մասին իմացա, նշեցի, որ սա դիվահարի գործ է. դեւն է իրեն առաջնորդել, հասցրել մինչեւ այդ ընտանիք: Այն դեւը, որին ինքը երկրպագել է եւ հավատացել: Ուրիշ որեւէ այլ բացատրություն չի կարող լինել եւ դժվար էլ լինի: Նա կողքի դուռը չի կոտրել, այլ հենց այդ դուռը, քանի որ դեւը շատ լավ գիտեր, թե Պերմյակովին ուր է տանում: Հիմա իմ ասածները ձեզ համար կարող են հեքիաթ թվալ, քանի որ դուք չեք հավատում ո´չ դիվական ուժերին, ո´չ հրեշտակներին: Այլ կերպ այդ մոլորված ճիվաղը չէր կարող այդտեղ հասնել, մտնել այդ տուն եւ կատարել այդ ոճրագործությունը: Նրա մոտ ներքին, դիվական ուժերի մղում կար,-մեր հարցին ի պատասխան նշեց Սրբազանը:

Քանի որ ըստ սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերի պաշտպանների, վարկած է առաջ քաշվել, որի համաձայն սպանությունը կատարած ռուս ժամկետային զինծառայող Վ.Պերմյակովը «սատանիստ» է, եւ որ 2013 թվականին նա ստեղծել ու անդամակցել է «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում ձեւավորված «սատանիստների» խմբավորմանը՝ խոստանալով իր «տիրոջն հանձնել մի քանի տղամարդու եւ մի քանի կնոջ», ինչի մասին Պերմյակովը գրառում էր կատարել «սատանիստների» խմբում, ուստի Շիրակի թեմի հոգեւոր առաջնորդից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ սատանիստներն իրենց «տիրոջը» խոստում տալուց տարիներ հետո կատարեն այն:

-Ինչու՞ հնարավոր չէ: Հենց այն, որ նա ցանկություն է հայտնել Հայաստան գալ չէ՞: Սա էլ կարող է դիվական առաջնորդությամբ արած լինել: Որքանով որ տեղյակ ենք՝ նրա ընտանիքի անդամներն աղանդավոր են, իսկ աղանդից դեպի սատանայապաշտություն այնքան էլ մեծ հեռավորություն չի պարունակում իր մեջ: Ի վերջո ցանկացած աղանդի հետեւորդ լինել նշանակում է՝ հրաժարվել Աստծուն երկրպագելու գաղափարից:

Վերջինս համոզմունք հայտնեց, որ այս ամենը դեռ չի նշանակում, որ Վ.Պերմյակովը տարիներով ծրագրել է, հետո կատարել ոճրագործությունը, քանի որ այդ ամենը կարող է տեղի ունեցած լինել նաեւ պահի թելադրանքով եւ տիպիկ դիվահարության օրինակ է:

Կայքի  հաջորդ հարցին՝ ոճրագործություններ կատարելուց հետո սատանայապաշտները զղջու՞մ են իրենց կատարածի համար, թե ոչ, Միքայել Սրբազանն արձագանքեց.

-Իրենք կիմանան. լինում են դեպքեր, երբ զղջում են, հասկանալով, որ սատանային երկրպագելու համար են դա արել: Բայց լինում են նաեւ դեպքեր, երբ չեն զղջում: Ցանկացած ազգության մեջ էլ սատանայապաշտներ կան: Հայերի մեջ էլ կան: Բարեբախտաբար ես նրանց չեմ հանդիպել:

Ինչ մնում է սոցիալական ծանր իրավիճակից ելնելով այս կամ այն աղանդի հետեւորդ դառնալուն, Շիրակի թեմի հոգեւոր առաջնորդն հայտարարեց, որ այս հարցում դա էական նշանակություն չունի:

-Սոցիալականը կրոնի հետ որեւէ կապ չունի: Դադարեք այն կրոնի հետ կապելուց: Սոցիալական դրդապատճառներից ելնելով որեւէ կրոնի չեն հետեւում. ձեւացնում են, թե հետեւում են, իսկ իրականում դա այդպես չէ:

Բարձրաստիճան եկեղեցականը նաեւ մատնանշեց, որ սատանայապաշտությունն հակակրոն է: «Այն երբեք չպետք է հիմք դառնա, որպեսզի մարդն անմեղսունակ ճանաչվի կամ հոգեկան հիվանդ, որքան էլ որ առաջին հայացքից այդ տպավորությունը ստեղծվի»:

Միքայել Սրբազանը շեշտեց, որ սատանայապաշտները ցանկանում են ուժեղ լինել, քանի որ իրենց մոտ կան այլանդակ հակումներ: «Եթե մարդն ինքն իրենով սադիստ է, ապա իր հակումները կարող է բավարարել եւ դրանից հաճույք ստանալ»:

Վերջում նա հավելեց, որ այն, ինչ սատանայապաշտներն անում են կենդանիների հետ, դա նորմալ զոհաբերություն չէ: «Զոհաբերություն՝ մատաղ, մենք էլ ենք անում, սակայն չենք տանջում կենդանուն, ոնց որ սատանայապաշտները եւ ոչ էլ կենդանու արյունը ցանում ենք այստեղ, այնտեղ»,-իր խոսքը եզրափակեց Շիրակի թեմի հոգեւոր առաջնորդը:

Հ.Գ. Ըստ Ter-hambardzum.net կայքի, Սուրբ Գիրքը վկայում է, որ կռապաշտությունը սատանայապաշտություն է.-«Հեթանոսների բոլոր կուռքերը դեւեր են»: Սատանայապաշտներն հրաժարվում են քրիստոնեական դաստիարակությունից, կարող են իրենց երեխաներին սատանային նվիրաբերելու խոստում տալ եւ այլն:

Copypaste.am կայքի տվյալների համաձայն, սատանայապաշտությունը սարսափելի աղանդներից է, թերեւս ամենահրեշավորը:

Նույն կայքի տվյալներով, Անգլիայում սատանայի գլխավոր աթոռանիստը Լոնդոնի Հայգեյթյան գերեզմանոցն է, ուր թաղված է Կարլ Մարքսը: Նրա շիրիմին սեւ մոգության խորհրդավոր ծեսեր են իրականացվում:

Այնտեղ նաեւ նշված է, որ 19-րդ դարում ֆրանսիացի հրեա Էլիֆաս Լեւին ստեղծեց սատանայական աղանդ՝ նշելով, որ այն մոգականության ուժի աղբյուր է հանդիսանում: Նա հատուկ ուշադրություն էր դարձնում սեքսի եւ թմրադեղերի վրա: Սատանայական, ինչպես եւ դրան նախորդող գաղտնի մոլեկրոն հուդայական աղանդների ծիսակարգերի հիմքն արյունոտ արարողություններն են:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս