Բաժիններ՝

Ասիական երկրները ավելացնում են ռազմական սուզանավերի թվաքանակը

Ասիական պետությունները վերջին տարիներին ավելացնում են ռազմական ծախսերը, փաստում են ռազմական վերլուծաբանները: Հատկապես զգալի աճ է գրանցվել ռազմական սուզանավերի շուկայում: Այսպես, Ռազմավարական պաշտպանական հետախուզություն հաստատության տվյալներով, ասիական երկրները տարեկան 7 միլիարդ դոլարի ռազմական սուզանավեր են ձեռք բերում: Ավելին՝ հաջորդ տասը տարիների ընթացքում Ասիան կարող է դառնալ ԱՄՆ-ից հետո աշխարհի երկրորդ խոշորագույն սուզանավերի գնորդը, հասցնելով ծախսերը 11 միլիարդ դոլարի:

«Թայվանի ռազմածովային ուժերը նախատեսում են նոր սուզանավեր ձեռք բերել՝ ապագայում մեր տարածքը արդյունավետ պաշտպանելու նպատակով», – ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ասել է Թայվանի ռազմածովային ուժերի հրամանատար Հուանգ Շու-գուանգը:

Սուզանավերը հայտնի են նրանով, որ թույլ են տալիս թույլ խաղացողներին անհամաչափ մեծ կորուստներ պատճառել հզոր երկրներին: Վերլուծաբանները նշում են, որ Ասիական տարածաշրջանի երկրների ռազմական, մասնավորապես՝ ռազմածովային ծախսերն ավելացել են Չինաստանի կողմից Հարավչինական ծովի վիճահարույց տարածքներում փոքր կղզյակների կառուցման, ինչպես նաեւ՝ ռազմախաղերի արդյունքում:

«Մեր ռազմախաղերը կենտրոնացված են հակասուզանավային եւ հակաօդային գործողությունների վրա, ինչպես նաեւ՝ տեղեկատվական պատերազմի», ասում է Չինաստանի ռազմածովային հրամանատար Յաո Ջանբյաոն:

Չինաստանի վտանգից զգուշանալով, մասնավորապես, Վիետնամը, Ֆիլիպինները, Մալայզիան եւ Թայվանը սկսել են զգալի գումարներ ներդնել իրենց ռազմածովային ուժերի վերակառուցման եւ նոր սուզանավերի ձեռք բերման համար:

«Մենք ականատեսն ենք, թե ինչպես են Չինական ռազմածովային ուժերն ավելացնում ներկայությունը Խաղաղ Օվկիանոսի ուղղությամբ, հետեւաբար, ստիպված ենք ավելացնել մեր ռազմական ուժերը Արեւելյան ափին», – ասում է Թայվանի ռազմածովային պատերազմավարության քաղաքական գրասենյակի ղեկավար Վեն Չեն Կոուն։

Տարածաշրջանի երկրների մեծ մասը, սակայն, անվտանգության պահպանման հիմնական հույսը կապում է Միացյալ Նահանգների հետ, որը հաջորդ տասնամյակում միայն նոր սուզանավերի կառուցման վրա ծախսելու է 102 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս