Վահան Շիրխանյանը հայտնել է, թե «հանցավոր» խմբի անդամներից ում է ճանաչել

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը չի ընդունում մեղադրանքը և հրաժարվում է ցուցմունք տալ՝ մինչև գործի նյութերին ամբողջովին ծանոթանալը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վ. Շիրխանյանի պաշտպան Տիգրան Տեր-Եսայանը: Նա նշեց, որ Վ. Շիրխանյանը որպես կասկածյալ հարցաքննվելիս ցուցմունք է տվել: Նրա խոսքով՝ դա եղել է ճանաչողական, որի ժամանակ Վ. Շիրխանյանը հայտնել է, թե խմբի անդամներից ում է ճանաչել: Նա նաև նկարագրել է, թե ում և երբվանից է ճանաչում:

Փաստաբանի խոսքով՝ Վ. Շիրխանյանը խմբի անդամներից մեկի հետ ծանոթացել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ժամանակ, ինչպես նաև ճանաչում է կաթոլիկ եկեղեցու կալանավորված աշխատակցին:

Տիգրան Տեր-Եսայանը նաև տեղեկացրեց, որ խուզարկության ժամանակ Վ. Շիրխանյանի բնակարանից հայտնաբերել են 2 համակարգիչ, 2 որսորդական հրացան և 1 ատրճանակ, որը նրան նվիրել էր Վազգեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ բնակարանից ոչ մի ապօրինի բան չի հայտնաբերվել:

Նշենք, որ այս պահին դատարանում շարունակվում է Վ. Շիրխանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննությունը:

Տեսանյութեր

Լրահոս