Պետական պարտքը կավելանա ևս 50 մլն դոլարով
Հայաստանը Համաշխարհային բանկից ևս 50 մլն դոլար վարկ կվերցնի: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում տեղեկացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով ՀՀ ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված «Զարգացման քաղաքականության երրորդ վարկ» վարկային համաձայնագիրը:
Ըստ նրա, սա բյուջետային աջակցության վարկ է, հատկացվում է 25 տարի ժամկետով, որից 14.5 տարին՝ արտոնյալ, 6-ամսյա Libor+սփրեդ տոկոադրույքով, որն այսօրվա դրությամբ մոտ 4% է կազմում: «ՀՀ-ն իր օրակարգում բարեփոխումների որոշ ծրագրերի հետ փոխհամաձայնություն ունի ՀԲ-ի հետ և այս տարվա միջոցառումները գնահատվել են բավարար և ՀԲ-ն հատկացնում է այս գումարը»,- ասաց Ա. Ջանջուղազյանը: