«Հաղթանակը կարող ենք տոնել միայն Բաքվում». Վովա Վարդանով

Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովի կարծիքով` սահմանային վերջին լարվածության պատճառները կարող են երկուսը լինել.

«Առաջինը նավթի գնի անկումն է, և, որպեսզի ֆինանսատնտեսական լարվածությունը թուլացնի` Բաքուն սահմանային լարվածություն արձանագրեց։ Մյուսը ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունն է ու Անկարայից Բաքու եկած մի քանի պաշտոնյաների հայտարարությունները, որ Բաքվի կողքին են ու Հայաստանին կոչ էին անում վերադարձնել «Ադրբեջանից օկուպացրած տարածքները»»:

Ըստ նրա` ենթապատճառ էլ կա, որպեսզի Բաքուն չթաթախվի ռուս- թուրքական լարված հարաբերությունների մեջ, սահմանային լարվածություն ստեղծեց։ Նրա կարծիքով` հանրաքվեի անցկացումը կապ չունի սահմանային լարվածության հետ.

«Եթե հանրաքվեից հետո այստեղ մեծ միտինգներ լինեին, նոր սահմանային լարվածությունն այդ կոնտեքստում կարող էինք դիտարկել։ 2008-ին նման օրինակ ունենք»:

Վ. Վարդանովի կարծիքով` սրացման պրոցեսը կարող էր ավելի լարված դարձնել հայկական կողմից հրապարակված անօդաչու սարքի նկարած տեսանյութը.

«Չեմ կարծում, որ մենք թուրքերի հետ այդ աստիճան մենամարտի մեջ պետք է մտնենք, որ արդյունքում իրենք կրակոցներ արձակեն, դա մեր կողմից վրիպում էր։ Միշտ նման տեսանյութերի հրապարակումից հետո նրանք կրակում են»:

Լրագրողների հարցին` ճի՞շտ է արդյոք զոհված զինվորների անունները հրապարակելը, նա պատասխանեց. «Իհա՛րկե ճիշտ է, պատերազմի ժամանակ դա աբսուրդի հասնող վիճակի էր բերում։ Մեզ համար ցանկացած կյանք թանկ է, ու չհրապարակելը խայտառակություն է։ Դիրքերում սպանված զինվորին ո՞նց կարելի է չպատվել։ Հասարակությունը պետք է միշտ պատերազմի մեջ լինի։ Պատերազմը չի ավարտվել, մեր պատերազմի մասնակիցներն էլ սխալվում են, երբ ասում են` հաղթել ենք։ Հաղթանակը կարող ենք տոնել միայն Բաքվում։ Մենք մի կարծրատիպ ունենք` թուրքը ձմռանը չի կռվում, բայց միշտ ձմռանը կռվում են։ Թուրքին թերագնահատելը սխալ է»:

 

Տեսանյութեր

Լրահոս