Ամերիկացի վերլուծաբանները քննարկում են ղարաբաղյան կարգավորման հեռանկարը

Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցություններում առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ է, որ Միացյալ Նահանգները ավելի մեծ դեր խաղա բանակցային գարծընթացում, «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանն ասել է Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի ավագ վերլուծաբան Սթիվեն Բլանքը:

«Շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե Միացյալ Նահանգները շատ ավելի գործուն եւ եռանդուն դեր ստանձներ, այլ ոչ թե խնդրի կարգավորումը թողներ Ռուսաստանին»,- նշել է Բլանքը:

Վերլուծաբանի խոսքով, Մոսկվան հետաքրքրված չէ ղարաբաղյան խնդրի լուծման մեջ եւ օգտվում է դրա չկարգավորված լինելուց, որի պատճառով հայերի ու ադրբեջանցիների միջեւ մթնոլորտը շարունակում է սրվել՝ դառնալով բռնությունների պատճառ:

«Որքան երկար շարունակվի այս իրավիճակը, այնքան բարդ կլինի այն կարգավորելը», – համոզված է Բլանքը:

«Ստրատֆոր» կենտրոնի փոխնախագահ Ռեվա Բհալլան վերջին շաբաթներում գրանցվող հայ-ադրբեջանական լարվածությունը դիտարկում է գլոբալ ենթատեքստում: Վերլուծաբանի խոսքով՝ Հայաստանում ռուսական ներկայությունն Ադրբեջանին ավանդաբար մանեւրելու նեղ հնարավորություն է թողել, սակայն, նոր զարգացումները կարող են նաեւ փոխել իրավիճակը տարածաշրջանում:

«Այսպիսով, Բաքվի տեսակետից բարենպաստ քաղաքական պահ էր ստեղծվել՝ Ռուսաստանի հետ փոխըմբռնման աստիճանը ստուգելու եւ իրավիճակը թափ տալու համար», – նշում է Բհալլան:

Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման պայմաններում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարին՝ Քլարքի համալսարանի դասախոս, թուրք պատմագիր Թաներ Աքչամը նշում է, որ Թուրքիան հետաքրքրված է Ադրբեջանի նավթով եւ գազով, ինչի փոխարեն Ադրբեջանն իր պահանջներն է առաջ քաշելու:

«Համոզված եմ, նրանք փոխարենը պահանջելու են Թուրքիայից կրկնակի աջակցություն ղարաբաղյան հարցում», – ասում է Աքչամը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ կոչ են արել Պետքարտութարությանը աջակցել ղարաբաղյան հակամարտության շրջանում խաղաղությանն ու զինադադարի պահպանմանը:

Տեսանյութեր

Լրահոս