«Չի ստացվելու». ԱԺ նախագահը՝ ՀԱԿ-ի դիմումի մասին

«Ցանկանում եմ հաջողություն»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով ՀԱԿ-ի՝ Սահմանադրական դատարանին ուղղված՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անվավեր ճանաչելու դիմումի մասին:

Այնուամենայնիվ, Գ. Սահակյանը կարծում է՝ ՀԱԿ-ի նախաձեռնած այդ գործընթացը հաջողություն չի ունենա: Նրա խոսքով՝ սա քայլ է, որը տրամաբանորեն ընդդիմության կողմից պետք է արվեր:

«Կոնկրետ ՀԱԿ-ի կողմից դա արվում է նրա համար, որ խորհրդարանում կամ ընդհանրապես հասարակության մեջ դա լինի ցուցիչ, որ ինքն ամենաարմատական ընդդիմությունն է: Երևի չեք հիշում, թե ինչ էր կատարվում 1990-ական թվականներին. նրանք, ովքեր դարձան ընտրախախտողների պրոֆեսորներ, ես նրանց հրեշտակային ճանապարհներն ուղղորդողը չեմ: Մեկն ասում էր՝ բոյկոտենք, մյուսն ասում էր՝ «ոչ» ասենք, մեկը գնում է մարզերը՝ քայլելով, մեկն ուզում է ապացուցել, որ ինքն ամենակարևոր արմատական ընդդիմությունն է: Չի՛ ստացվելու, ճանապարհը մեկն է՝ որ կարողանանք ժամանակին նոր, փոփոխված սահմանադրությունը շրջանառության մեջ դնենք: Այս պայմաններում նույնիսկ իշխանափոխության ժամանակ շատ հանգիստ ժամանակաշրջան կլինի»,- նշեց ԱԺ նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս