«Մգեցված ապակիների հարցի հետ պետք է դրվեր նաև թուրքական քսենոնների հեռացման հարցը»
«Առաջին ամսում զգացվում էր, որ հանրապետության առաջին դեմքի հանձնարարականն ինչ-որ հետք է թողել, բայց գնալով՝ նորից ավելանում են նվազ խախտումները, որոնք իրականում դեռ օրենքի ձևակերպում չունեն, եթե, օրինակ՝ գիծ տրորելը նվազ խախտում է, ապա էլ ինչո՞ւ են շարունակում 5000-ական դրամներով տուգանել ոչ վթարային իրավիճակ ստեղծելու համար»,- այսօրվա ասուլիսին ասաց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը:
Ըստ նրա՝ մինչև հ/կ-ներից, շահագրգիռ կողմերից մարդիկ ներգրավված չլինեն քննարկումներին, այդ գործընթացը կարելի է համարել սպառված. «Տեխզննումները որոշել էին վերացնել, բայց այդ նախագիծը մերժվեց, ու փաստորեն այն շարունակվում է, այդ դեպքում՝ ո՞ւր են գնում տեխզննման գումարները: Եթե դրանք պետք է ուղղված լինեին ճանապարհների որակի բարձրացմանը, մենք դա չենք տեսնում: Դրական փոփոխություն է այն, որ կազմակերպվեց Հյուսիսային պողոտայի երթևեկությունը, ու հիմա խցանումներ տեղի չեն ունենում, Աբովյան-Արամի խաչմերուկում լուսացույցներ են տեղադրել, որն էլի դրական է»:
Մգեցված ապակիների խնդրի մասին խոսելով՝ նշեց, որ վթարների մեծ մասը հենց մգեցված ապակիների պատճառով է, քանի որ, ըստ նրա՝ փակվում է վարորդի տեսադաշտը:
Նախաձեռնության անդամ Արման Սուլեյմանյանը չհամաձայնեց. «Մգեցված ապակիների հարցի հետ պետք է դրվեր նաև թուրքական քսենոնների հեռացման հարցը, որոնք «քոռացնում են» դիմացից եկող մեքենայի վարորդին»: