Ադրբեջանի «թիկունքից հարվածը»՝ Ռուսաստանին. Regnum.ru

Դեկտեմբեր 7-ին Բաքվի կառավարական տեղեկատվական ռեսուրսները տարածել էին Պետդումայի անդամ Նարիշկինին հասցեագրված բողոքարկման տեքստ, որը վերաբերում էր Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի «իրավունքների ոտնահարմանը»: Այն ստորագրել են սփյուռի հարցերով զբաղվող տարածաշրջանային մոտ 30 կազմակերպությունների ղեկավարներ:

Պատճառն այն է, որ Ռուսաստանի «Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավորները՝ Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ, առաջարկել են ՌԴ Պետդումային՝ պատիժ սահմանել 1915-1922թթ. Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար:

Օրինագծով առաջարկվում է մինչև 500 հազար ռուբլի տուգանք կամ մինչև 5 տարով ազատազրկում սահմանել Հայոց ցեղասպանության ժխտման համար:
Regnum.ru կայքը գրում է՝ տարօրինակ է, որ սա աննկատ է մնացել Ռուսաստանի վերլուծական հանրության կողմից: Կայքի կարծիքով՝ ադրբեջանցիների կողմից բողոքարկման ամենակարևոր կետը նման է վերջնագրի. «Մենք և մեր աջակիցները շարունակում ենք Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտումը նույնիսկ այն դեպքում, երբ արվի նման փոփոխություն, և այն կբողոքարկենք մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ատյաններում»:

Կայքը գրում է, որ Ռուսաստանում արհամարհում են Ադրբեջանին, իսկ պետական այրերի էլիտան Ադրբեջանին որպես «կաթնատու կով» է ընկալում: Իսկ Ադրբեջանում շարունակվում են հակառուսական տրամադրությունները: Միևնույն ժամանակ, Բաքուն ամեն օր ավելի ու ավելի է ամրացնում իր «հինգերորդ շարասյան» դիրքերը Ռուսաստանի Դաշնությունում: Ռուսաստանի բոլոր մեծ քաղաքներում ադրբեջանական սփյուռք կա: Բայց կայքի կարծիքով՝ հարցը ոչ թե դրանց շատ լինելն է, այլ այն, որ ադրբեջանական սփյուռքը ղեկավարվում է Բաքվից և ծառայում ադրբեջանական իշխանություններին, ու չեն թաքցնում դա: Խնդիր է նաև այն, որ նրանք դուրս են գալիս Ռուսաստանի ու նրա նախագահի դեմ, նույնիսկ փորձում են այդ պետությունում ընդունված օրենքները բողոքարկել: Նման եղանակով Ռուսաստանը թիկունքից հարված է ստանում:

Կայքը գրում է, որ Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից անմիջապես հետո Ալիևը հայտարարեց, որ «Ադրբեջանը միշտ Թուրքիայի կողքին կլինի»: Ըստ կայքի՝ այդ խոսքերը նշանակում են, որ այն կգործի Ռուսաստանի դեմ: Դրա համար չի բացառվում, որ Ալիևը որոշել է միջամտել Ռուսաստանի ներքին գործերին և ուզում է տարածաշրջանում որոշակի դերակատարում ունենալ, ինչի համար օգտագործում է ՌԴ-ում իր սփյուռքին:

Տեսանյութեր

Լրահոս