«Մենք ի գիտություն ենք ընդունում 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքները». ԵՄ

ԵՄ տեղական հայտարարությունը Հայաստանում դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ

Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների առաքելությունների ղեկավարների համաձայնությամբ հանդես են եկել համատեղ կայտառությամբ: Եվրոպական միությունը ուշադրությամբ հետևել է 2013 թվականից մեկնարկած` Սահմանադրական բարեփոխումների գործընթացին, և Վենետիկի հանձնաժողովի տված երկու հիմնականում դրական եզրակացություններին, որին ԵՄ-ն սատարում է, որպես Եվրոպայում սահմանադրական նորմերի դրոշակակիր կառույցի:

Մենք ի գիտություն ենք ընդունում 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքները: Մենք միաժամանակ ի գիտություն ենք ընդունում մի շարք ընդդիմադիր քաղաքական առաջնորդների և անկախ դիտորդների մտահոգություններն ու կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին կատարել ընտրախախտումների վերաբերյալ արժանահավատ հաղորդումների թափանցիկ և լիարժեք քննություն:

Առանց ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների թափանցիկ քննության և, դրանց հաստատման դեպքում խախտումների շտկման Հանրաքվեն կմնա մեկ այլ բաց թողնված հնարավորություն՝ Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության բարձրացման և դրանց ամբողջականության ապահովման տեսանկյունից: Հանրաքվեի վերջնական արդյունքների պաշտոնապես հաստատման պարագայում, մենք ընդգծում ենք, որ կարևոր է կիրառել նոր Սահմանադրությունը՝ հատկապես մարդու իրավունքներին վերաբերող գլուխը, զսպումների և հակակշիռների նոր մեխանիզմները և փոքրամասնության իրավունքները ընդդիմության համար, որպեսզի այն չմնա սոսկ թղթի վրա:

Մենք վերստին ընդգծում ենք, որ կարևոր է ընդունել նոր Ընտրական օրենսգիրք՝ «ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաջարկներին համապատասխան, ներառական կերպով և հերթական խորհրդարանական ընտրությունների հաջորդ փուլից մեկ տարի առաջ:

Հիմնվելով երկկողմ համագործակցության ապագա նոր իրավական շրջանակի վրա և Արևելյան գործընկերության ավելի ընդարձակ հեռանկարում՝ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի ներքին քաղաքական, սոցիալական և տնտեսական բարեփոխումների իրականացման գործընթացին:

Տեսանյութեր

Լրահոս