Անհետացած հայերին տեղափոխող լաստանավը խորտակվե՞լ է. նոր մանրամասներ

Մեկ շաբաթից ավելի է` Թուրքիա-Հունաստան ծովային ճանապարհին անհետացած սիրիահայ Թալին և Հովհաննես Թեքեյանների, նրանց 10-ամյա որդու` Վահան Թեքեյանի և Թալին Թեքեյանի մոր` Սեդա Բաթրունյանի ճակատագրերը մնում են ուշադրության կենտրոնում:

Նրանց փնտրելու հարցով, ինչպես նաև, ըստ խոսակցությունների` խորտակված լաստանավից փրկված Թեքեյանների 19-ամյա դստեր` Արինա Թեքեյանի հետագա ճակատագրով հետաքրքրվում է Պոլսո հայոց պատրիարքությունը:

Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանն «Արեւելքի» հետ զրույցում ասել է, որ հեռախոսային կապի մեջ է Իզմիրում գտնվող Արինայի և նրա մորաքրոջ` Նաիրի Բաթրունյանի հետ և սպասում է, որ վերջնական վճռեն Արինայի մնալու վայրը, ըստ այդմ էլ կկարգավորվեն փաստաթղթային հարցերը:

«Պատրիարքությունը պատրաստ է բոլոր միջոցներով օժանդակել Արինային, եթե խնդիրներ լինեն` Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության միջոցով կլուծենք»-ասել է  Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդը:

Արամ Աթեշյանը նաև տեղեկացրել է, որ Իզմիրին մոտ գտնվող տարածքում, որտեղ, ամենայն հավանականությամբ ընկղմվել է լաստանավը, ոստիկանությունն արդեն երեք դիակ է հայտնաբերել, սակայն Նաիրի Բաթրունյանը հայտնել է, որ դիակներն իրենց հարազատներինը չեն:

Նաիրի Բաթրունյանն «Արեւելքին» ասել է, որ օր-օրի սպասում են նորությունների, ոստիկանությունը տեղյակ է իրենց հարազատների կորստի մասին, սակայն որոնողական բոլոր աշխատանքներն առայժմ ապարդյուն են: Նա նաև տեղեկացրեց, որ Արինան, որ ժամեր շարունակ լողալով հասել է ափ, դեպքի առաջին օրերի համեմատ այժմ մի քիչ ավելի լավ է զգում, չնայած, ըստ մորաքրոջ, սարսափելի տեսարանները, որոնց ականատես է եղել, հանգիստ չեն տալիս աղջկան:

Թեքեյաններն ունեն ևս մեկ դուստր, որ սովորում է Երևանի ավագ դպրոցներից մեկում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Տեսանյութեր

Լրահոս