Անհետացած ընտանիքի 10-ամյա որդին Նազարյան վարժարանի աշակերտ է. դասընկերները սպասում են նրա վերադարձին. arevelk.am
Ինչպես arevelk.am-ը տեղեկացրել էր, օրեր առաջ Լիբանանից Թուրքիա, այնուհետև Հունաստան ծովային ճանապարհին, դեռևս չպարզված հանգամանքներում անհետացել են հալեպահայ Թեքեյան ընտանիքի չորս անդամներ` ամուսինները, նրանց 10-ամյա որդին և վերջինիս տատիկը:
Ընտանիքի կրտսեր անդամը`10-ամյա Վահան Թեքեյանը սովորում է Լիբանանի Նազարյան վարժարանի 5-րդ դասարանում: Նազարյանի տնօրինությունը նույնպես տեղյակ չէ իրենց աշակերտի ճակատագրից:
Ինչպես «Արեւելքին» հայտնել են Նազարյան վարժարանից, Վահանը Լիբանանի Նազարյան դպրոց է փոխադրվել Սիրիայի պատերազմից հետո, աշխույժ և ուշիմ աշակերտ է: Նա օրեր առաջ հրաժեշտ է տվել դասընկերներին և ուսուցիչներին` ասելով, որ ընտանիքի հետ մեկնում է Գերմանիա:
Ինչպես նշում է կայքը, նրանց հետ է եղել նաև Վահանի 19-ամյա քույրը` Արինա Թեքեյանը, ով, նետվելով ծովը, լողալով հասել է ափ: Նա այժմ գտնվում է Իզմիրում:
Կայքի տեղեկություններով, Թեքեյանների հարազատներն այսօր նամակով դիմել են Պոլսո հայոց պատրիարքությանը` խնդրելով օգնել Թուրքիայից ուղևորված և անհետացած իրենց հարազատներին փնտրելու հարցում, ինչպես նաև աջակցել Արինային` դուրս գալու Իզմիրից: