Նախաքննությունը շարունակվում է. ինչ կարգավիճակ ունի Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվողի հայրը

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարի նախկին տեղակալ Ռազմիկ Մարկոսյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այս մասին 168.am-ի հարցմանն ի պատասխան` հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից:

Ինչպես հայտնի է, ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի կարգով որոշում է կայացվել քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նոր քրեական գործ հարուցելու մասին: ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ գործը հարուցվել է այն փաստով, որ «ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարի տեղակալ, գնդապետ Զարմիկ Մարկոսյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ պետ, անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, 2014թ. օգոստոսից մինչև 2015թ. հունվարի 28-ը` ներառյալ, պարբերաբար հանձնարարել է ենթակա համապատասխան սպաներին, առանց համապատասխան փաստաթղթային ձևակերպման, որդուն՝ նույն զորամասի կուրսանտ Գ. Թևոսյանին, մի քանի ժամ տևողությամբ ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց և թույլատրել բացակայել զորամասի տարածքից, ինչով իսկ պատճառել է էական վնաս. արտոնյալ պայմաններ է ստեղծել Գնել Թևոսյանի համար, խաթարել է զինվորական կառավարման մարմինների և ծառայության իրականացման բնականոն ընթացքը, սասանվել է պետական իշխանության մարմինների հեղինակությունը, Գ. Թևոսյանը համածառայողների շրջանում արհեստականորեն ստացել է առավելություն, ինչով զինծառայողների շրջանում ստեղծվել է անհավասարության մթնոլորտ»: Ռազմիկ Մարկոսյանը Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող երիտասարդներից մեկի՝ Գնել Թևոսյանի հայրն է:

Մեր հարցին, թե հարուցված քրեական գործի շրջանակներում ի՞նչ կարգավիճակ ունի Ռազմիկ Մարկոսյանը, արդյո՞ք նրան մեղադրանք առաջադրվել է, ՀՀ Քննչական կոմիտեից պատասխանել են. «Քրեական գործի շահերից ելնելով՝ մանրամասն այլ տեղեկություններ քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն»:

Տեսանյութեր

Լրահոս