ԱՄՆ-ը հերքում է Դամասկոսի՝ սիրիական ռազմաբազային հարվածներ հասցնելու մեղադրանքները
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հերքել է Սիրիայի իշխանությունների մեղադրանքներն այն մասին, թե ավիահարվածներ է հասցրել Սիրիայի բանակին պատկանող ռազմաբազային, գրում է The Wall Street Journal-ը:
Ավելի վաղ Դամասկոսը հայտարարել էր, թե կոալիցիայի ինքնաթիռները կիրակի հարվածներ են հասցրել Դեր Զոր նահանգում տեղակայված սիրիական բանակի ռազմաբազային:
Ավիահարվածների հետևանքով սպանվել էր Սիրիայի բանակի 3 զինծառայող, 13 մարդ ստացել էր վնասվածքներ, վնասվել էին մի քանի ռազմական մեքենաներ ու ոչնչացվել զինապահեստը:
Կոալիցիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրետ Մակգերկը, սակայն, հայտարարել է, թե մեղադրանքներն անհիմն են: Նրա խոսքով՝ կոալիցիայի ինքնաթիռները սիրիական բազայից 51 կմ շառավղի վրա են հարվածներ հասցրել:
Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ նախարարությունը կպահանջի ՄԱԿ-ի ԱԽ-ի ռեակցիան տեղի ունեցածի նկատմամբ, ինչի հետ կապված էլ նամակ է ուղարկել ՄԱԿ-ի ԱԽ-ին ու կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունին: