«Մի՛ արեք դա, դուք լուրջ կին եք, մի՛ արեք, երեխեք ունեք». Արմեն Աշոտյանի հորդորը՝ Զարուհի Փոստանջյանին
Այսօր ԱԺ նիստում իշխանության հասցեին «Ժառանգութուն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ելույթին ի պատասխան ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հակադարձեց ԱԺ ամբիոնից: Նա դրվատանքով նշեց, որ Զ.Փոստանջյանը գնացել էր ԱՄՆ՝ ուսումը շարունակելու, սակայն միաժամանակ պարսավանքով նկատեց, որ Փոստանջյանը հայաստանյան ուսանողներին դասադուլների գնալու կոչեր է անում և նրանց օգտագործում է որպես թնդանոթի միս:
«Վամպիրությունից բացի, այլոց էներգիան խմելուց բացի ուրիշ ոչ մի ռեսուրս չունեք ապագայի: Ես չեմ ուզում ձեզ նման բաներ ասել, տիկին Զարուհի, բայց ստիպում եք,- ասաց Ա.Աշոտյանը՝ հավելելով, որ իր էքսցենտրիկ պահվածքով Փոստանջյանը մոտեցել է տխրահռչակ համաշխարհային համբավ ունեցող սկանդալային այնպիսի ձեռնարկումներին, ինչպիսին է Ֆեմեն խումբը և Փուսի Ռայթը,- Մի՛ արեք դա, դուք լուրջ կին եք, մի՛ արեք, երեխեք ունեք»:
Աշոտյանը նախազգուշացրեց, որ Փոստանջյանի կողմից Սերժ Սարգսյանի, Գագիկ Հարությունյանի ու Տիգրան Մուկոչյանի խրտվիլակներն այրելուն ի պատասխան կարող է հանկարծ ՀՀԿ-ականները նմանատիպ ակցիա անեն՝ մտնեն կանացի հագուստի սրահ, մի մանեկեն գնեն, զարդարեն Փոստանջյանի տեսքով ու շորերով, ինչ-որ բան նկարեն մանեկենի վրա ու դնեն:
Զ. Փոստանջյանը դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ կոչ անելով ընդհատել Աշոտյանին ինչպես իր խոսափողն էր 10 անգամ անջատում: Ի վերջո, Սահակյանն Աշոտյանին հորդորեց խոսել օրինագծից ու չշեղվել: