Արտառոց դեպք 9/17 ընտրատեղամասում. Տարեց կինը համոզված է՝ միտումնավոր փորձել են իրեն զրկել ընտրելու իրավունքից
Քիչ առաջ Կենտրոն վարչական շրջանի 9/17 ընտրատեղամասում արտառոց դեպք տեղի ունեցավ: Սուսաննա Առուստամյան անունով մի տարեց կին իր դստեր ուղեկցությամբ եկել էր հանրաքվեին մասնացելու, սակայն պարզվեց, որ կնոջ անունը չկա ընտրացուցակում: Հանձնաժողովի անդամները նշում էին՝ դա իրենց մեղավորությունը չի, և իրենք աշխատում են տրված ցուցակներով:
Նրանք հորդորեցին կնոջը՝ մոտենալ Անձնագրային վարչություն և այնտեղից պարզաբանում ստանալ: Կինը վրդովվեց, ասաց, որ ինքը 70-ն անց կին է, իր տղան ու ընտանիքի մյուս անդամներն այստեղ են գրանցված, իրենց անունները ցուցակում կան, այդ ինչպե՞ս է ստացվում, որ իր անունը չկա:
168.am-ը կնոջից հետաքրքրվեց, արդյոք իրենք ծանուցում չե՞ն ստացել մինչև հանրաքվեի գալը: Ի պատասխան՝ նա ասաց, որ մեկ շաբաթ է՝ ինքը «Նաիրի» բժշկական կենտրոնում պառկած է եղել, ու տեղյակ չէ՝ ծանուցում եկե՞լ է իրենց տուն, թե՞ ոչ: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը, ով նույնպես եկել էր հանրաքվեին մասնակցելու, փորձեց ճշտել, թե ինչ է տեղի ունեցել:
Նա համացանցի միջոցով պարզեց, որ Ս. Առուստամյանը գրանցված է «Նաիրի» բժշկական կենտրոնի մոտ գտնվող ընտրատեղամասում: 9/17 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արմենուհի Մանուկյանը վստահեցնում էր, որ կատարվածում իրենց մեղավորությունը չկա. «Իմ կարծիքով՝ այստեղ օրենքի խախտում չի եղել: Դուք հիվանդանոցում եք եղել, ուստի մտածել են՝ դուք այնտեղ կքվեարկեք: Մենք միտումնավոր չենք ուզել ձեզ ձեր ընտրելու իրավունքից զրկել»: Ի պատասխան՝ տարեց կինն ասաց. «Դուք չէ, բայց որևէ մեկը միտումնավոր ուզել է, քանի որ կարող էին գոնե զգուշացնել, բայց ինձ չեն զգուշացրել»:
Մանրամասները՝ տեսանյութում: