01/12 ընտրատեղամասի ՀԱԿ ներկայացուցիչը ահազանգում է խախտումների մասին. Ավանում գործի է դրվել «Z» տաքսի ծառայությունը
Ավանի 01/12 ընտրատեղամասում քվեարկության ընթացքը նորմալ է, բայց դրսում ակտիվությունը մեծ է: Մեզ հետ զրույցում հանձնաժողովի անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Հասմիկ Բաբայանն ասաց, որ ընտրասենյակում կասկածելի է միայն այն, որ քաղաքացիների մեծամասնությունը ներկայացնում է ID քարտ և ոչ թե անձնագիր, որը՝ դրանում ամրագրված տեղեկությունները հաշվի առնելով, ավելի վստահելի է: Բավականին հաճախ են ներկայացնում նաև արտասահմանյան անձնագրեր, որոնցով քվեարկություն թույլատրված չէ:
«Ի տարբերություն նախորդ տարիների, ներսում իրավիճակը նորմալ է, բայց դրսում նկատվում են նույն երևույթներն, ինչ նակինում: Պարզապես նախորդ տարիներին մարդկանց տեղամաս էին բերում գազելներով, իսկ այս տարի՝ միայն տաքսիներով: Ես Ձեզ մեխանիզմը կներկայացնեմ:
Այն անձը, ով ուղղորդում է քվեարկողներին, մնում է Ա կետում, ընտրողների խմբին տաքսիով ուղարկում է, տաքսին սպասում է նրանց, հետ է տանում Ա կետ, ապա ուղղորդողն այդ կետից մյուս խմբին է ուղարկում: Սա է մեխանիզմը: Այս ամենը տեղի է ունենում «Z» տաքսի սերվիսում, որն էլ, գիտեք՝ ում է պատկանում: Լինում է ուղղորդողներն էլ են գալիս ընտրողների հետ, սակայն քվեասենյակ չեն մտնում, սպասում են նրանց մուտքի մոտ»,- ասաց Հասմիկ Բաբայանն`շեշտելով, որ տաքսիների ակտիվությունը նկատվում է ողջ օրվա ընթացքում:
Վերջինս նաև հիշեցրեց, որ «Հանրապետական» կուսակցությունը խոստացել էր, որ այս մեխանիզմները գործի չեն դրվելու: Սակայն, նրա խոսքով, այդ խոստումը չի պահպանվում: Իր հերթին հանձնաժողովի նախագահ Արթուր Սաֆարյանը մեզ տեղեկացրեց, որ մասնակցությունը բավականին բարձր է: Նրա ներկայացրած թվերով, 2012 գրանցված ընտրողներից քվեարկել է 680-ը:
Ըստ Սաֆարյանի, քվեարկությունն ընթացել է առանց ընտրախախտումների: «Մենք պատասխանատու ենք ներսի համար, դրսի համար պատասխանատու չենք»,- ասաց նա: Նկատենք, որ մինչ 168.am-ն աշխատում էր տեղամասում, մի քանի տաքսիներ հասցրեցին մարդկանց հասցնել քվեարկության: Դա երևում է մեր մի քանի տեսանյութերում: