«Եթե դիտորդ եք, ինչ-որ խախտում եք նկատել, դիմեք իրապահ մարմիններին, թող զբաղվեն». Սեյրան Օհանյանը՝ Զարուհի Փոստանջյանին
Այսօր քվեարկության գնացած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, մինչ տեղամաս մտնելը, մետացավ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Մատնացույց անելով տարածքում գտնվող անձանցից մեկին՝ Զարուհի Փոստանջյանը Սեյրան Օհանյանին ասաց, որ նա Չարենցավանի բնակիչ է.
«9-րդ ձևը ստացավ փողոցում՝ այստեղ, և եկավ քվեարկության»: Սեյրան Օհանյանն ասաց, որ այդ մարդուն չի ճանաչում: Զարուհի Փոստանջյանը շարունակեց, որ այդ անձը նշել է, թե բնակվում է իր բարեկամների մոտ, սակայն չգիտեր, թե որտեղ է իր բարեկամը բնակվում, նրա հասցեն չուներ: «Տասնյակ մարդկանց այդպիսի անօրինական փաստաթղթեր են բաժանում, գալիս են այստեղ քվեարկության»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: Սեյրան Օհանյանն ի պատասխան ասաց, որ ինքը դիտորդ չէ, եկել է քվեարկության՝ որպես ՀՀ հասարակ քաղաքացի:
«Եթե դիտորդ եք, ինչ-որ խախտում եք նկատել, դիմեք իրապահ մարմիններին, թող զբաղվեն: Ես իրեն ընդհանրապես չեմ էլ ճանաչում, գնաց, առաջին անգամ եմ տեսնում: Ինքը իջավ և ասաց՝ ես ուզում եմ ողջունել մեր Հայաստանի պաշտպանության նախարարին, մեր հերոսին»,- ասաց Սեյրան Օհանյանը:
«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին, թե հանուն ինչի՞ է քվեարկել, Սեյրան Օհանյանը պատասխանեց.
«Ես քվեարկել եմ հանուն Հայաստանի ապագայի, հանուն մեր ժողովրդի համար բարեկեցիկ կյանքի ստեղծման և հանուն մեր զարգացման, բոլոր կարող ուժերի, խելացի մետքերի համադրամամբ կառավարման մշակույթի ձևավորման և նաև յուրքանչյուր քաղաքացու քրտնաջան աշխատանքի արդյունքում մեր հայրենիքի ապագան անվտանգ պայմաններում կերտելու համար»:
Հարցին՝ արդյոք չի՞ կիսում «Ոչ»-ի մտահոգությունները անվտանգության հետ կապված, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Անվտանգությունն ապագա Սահմանադրությամբ, ինչպես նաև այսօր, ձևավորված է, երաշխավորված է Հայաստանի Հանարպետության յուրքանչյուր քաղաքացու, մեր ժողովրդի և մեր պետության համար՝ ինչպես կառավարման ընդհանուր ուղղահայացով, այնպես էլ որոշումների ընդունման ընդհանուր ընթացակարգերով: Այնպես որ, կարող ենք մենք հանգիստ լինել: Հայկական բանակն այսօր կա, իր առջև դրված խնդիրն իրականացնում է և վաղն էլ իրականացնելու է գերազանց կերպով»: