«Այս պետության մեջ եթե օրենք չկա, բարձրաստիճան այրերի մեջ գոնե խիղճ չկա՞». Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով դատապարտվածի մայրն ու քույրը փորձեցին մոտենալ Սերժ Սարգսյանին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և նրա կնոջը՝ Ռիտա Սարգսյանին, ով 11:20-ի սահմաններում քվեարկեց հանրաքվեի 9/11 ընտրատեղամասում, այսօր փորձեցին մոտենալ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով դատապարտված Հարություն Սարգսյանի մայրն ու քույրը: Սակայն նրանց չհաջողվեց:
Հարություն Սարգսյանի մայրը՝ Անահիտ Նիկոլյանը, պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչ էր ցանկանում ասել նախագահին, ասաց. «Ես ուզում էի խնդրեի, ասեի, որ հլը մարդ եղեք: Այս պետության մեջ եթե օրենք չկա, բարձրաստիճան այրերի մեջ գոնե խիղճ չկա՞: Գոնե խիղճ արթնանա: Մեր գործում ընդհանրապես մասնագիտություն պետք չէ, մեր գործում իրավաբանություն պետք չէ: Սա այն գործն է, որ աշխարհը, բոլորը գիտեն, որ իմ տղան անմեղ է»:
Կարեն Եսայանի մայրը՝ Անահիտ Իսկանդարյանը, սակայն, մեզ հետ զրույցում պնդեց, որ որդուն սպանողը հենց Հարություն Սարգսյանն է եղել: «Սպանողը հենց ինքն է՝ Հարություն Սարգսյանը»,- ասաց նա ՝նշելով, որ Հարություն Սարգսյանի մայրը փորձել է հանդիպել նախագահին, ոստիկանապետին. «Չի ստացվի: Իր որդին պիտի իր պատիժը կրի: Քանի Կարեն Եսայանի ընտանիքը կա, մինչև վերջ ինքը պիտի պատասխան տա: Պիտի պատասխան տա՝ ով է եղել հետը: Սա մենակ մարդու գործ չէ:
Հերիք եղավ մեր ընտանիքը տեռորի ենթարկեցին, հիմա էլ լրատվական տեռորի են ենթարկում: Ինքս դիմելու եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բացահայտելու նրա իգական և արական սեռի հանցակիցներին: Եթե վճիռը կարդաք, կհասկանանք՝ ում մասին է խոսքը: 15 տարին շատ մեղմ պատիժ է կանխամտածված հանցագործության համար»: Կարեն Եսայանի մայրն ասաց, որ պաշտպանական կողմը ոչ մի հիմնավորում չի ներկայացրել, որ Հարություն Սարգսյաը մեղավոր չէ: Նա նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանը Հարություն Սարգսյանին մեղավոր է ճանաչել, վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը, իսկ վճռաբեկ դատարանը սպանության մասով դատավճիռն ու որոշումը չի փոխել: «Իմ տառապանքը մահից սարսափելի է»,- եզրափակեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում