Փարիզի ահաբեկչությունների կազմակերպիչը կապեր է ունեցել Բրիտանիայում. ԶԼՄ-ներ
Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդը կապեր է ունեցել Բրիտանիայում:
Նրանցից շատերը, ում հետ Աբաուդը շփում է ունեցել, մշտապես ապրում են Բրտանիայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Բիրմինհենում, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով արևմտյան երկրներից մեկի իշխանությունների անանուն ներկայացուցչին:
Պարբերականի տեղեկություններով՝ «նվազագույնը 1 անձ, ով առնչություն է ունեցել ահաբեկչություններին», ուղևորություն է կատարել Մեծ Բրիտանիա մինչ Փարիզի իրադարձությունները:
Բիրմինհեմի անունն առաջին անգամ չէ, որ շրջանառվում է իսլամական ծայրահեղականության հետ: Այս տարի Սիրիայում սպանված ԴԱԻՇ-ի ահաբեկիչ Ջունայդ Հուսեյնը նույնպես այդ քաղաքի բնակիչ էր:
The Wall Street Journal-ը պնդում է, որ «Հյուսիսային Աֆրիկայի իսլամիստական բազմաթիվ ահաբեկչական բջիջներ» կապեր ունեն Բիրմինհեմի ու դրա մերձակայքում գտնվող շրջանների հետ:
Բրիտանիայի ոստիկանությունը հրաժարվել է մեկնաբանություններ կատարել այդ հարցի վերաբերյալ: