Բաժիններ՝

Ջեռուցումը ծախսատար է, գյումրեցին՝ մոլորության մեջ

Asparez.am-ը գրում է. Գյումրիում բավականին ձյուն է տեղացել: Ձյան առկայությունը սոցիալապես անապահով քաղաքի բնակչությանը՝ գյումրեցուն նոր խնդիրների առաջ է կանգնեցրել, այն էլ անիրականանալի լուծումներով: Եղանակի ջերմաստիճանի կտրուկ նվազմանը զուգահեռ, չի բարձրացել գյումերցու բնակարանի ջերմաստիճանի սանդղաը:

– Գազը թան է, վառել հնարավոր չէ: Նոր որ քաշեցինք, քիչ թե շատ էժան էր, հմի թանկցավ: Ստիպված օրվա մեջ երկու ժամ կվառեմ, որ տունը մի քիչ տաքանա,- ասում է Լուսինե Սահակյանը, որը աշխատում է Գյումրու քաղաքապետարանի սանմաքրման խմբում:

Բնակիչների այն շերտը, որը ի վիճակի է բնական գազ վառել, դժգոհում է գազի սակագնից, իսկ նրանք, ովքեր տնակներում են բնակվում, այլ խնդիրներ են բարձրաձայնում:

– Ես նավթ ու կերոսին կվառեմ: Ամեն օր 10 լիտր կվառեմ: Փող չկա, որ փետ առնիմ: Դոմիկը փթած է: ինչքան ուզում էս վառե՝ օգուտ չկա: Նպաստ-թոշակը կստանանք, սաղ նավթին կուդամ,-ասում է Սիլվա Հակոբյանը:

Բնական գազից ու փայտից զատ այլընտրանքային ու առավել ծախսատար ջեռուցման միջոց է համարվում էլեկտրաէներգիան, բայց Գյումրիում քչերն են օգտվում այս տարբերակից:

– Թոշակս 26 հազար դրամ է՝ լույսին չի բավարարե: մե ամիսըմ վառեցի, թոշակս լրիվ լույսի վարձ տվեցի,-ասում է մեկ այլ քաղաքացի:

Կայքի տեղեկացմամբ՝ մյուս տարիների համեմատ, այս ձմռան տակից գյումրեցին էլ ավելի դժվար դուրս կգա: Եթե նկատի ունենանք, որ էլեկտրաէներգիայի մեկ կիլովատը դարձել է 48 դրամ, իսկ վառելափայտի մեկ քառակուսի մետրը վաճառվում է 18-20 հազար դրամով եւ ամենակարեւորը՝ 2016 թվականի հունվարի 1-ից չեն ավելանալու կենսաթոշակը, հաշմանդամության համար տրվող թոշակը, ընտանեկան նպաստը եւ նվազագույն աշխատավարձը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս