Ալլահը որոշել է պատժել թուրքական էլիտային՝ նրան զրկելով «խելամտությունից ու բանականությունից». Պուտին

Դաշնային ժողովին ուղղված իր ամենամյա ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ահաբեկչական սպառնալիքի, ինչպես նաև ողջ աշխարհի ուժերով դրան հակազդելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև մեղադրել Թուրքիային ահաբեկչությանը հովանավորելու մեջ:

Պուտինի խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանը ցուցաբերել է առավելագույնս պատասխանատվություն, իսկ ահաբեկչության դեմ գործողությունները հավանության են արժանացել ռուս հասարակության կողմից:

«Յուրաքանչյուր քաղաքակիրթ պետություն պարտավոր է ներդրում ունենալ ահաբեկիչների դեմ պայքարում, հաստատի իր համերաշխությունը ոչ թե հռչակագրերով, այլ կոնկրետ գործողություններով»,- ասել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ռուս զինծառայողները, ովքեր մասնակցում են Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարին, «կռվում են հանուն Ռուսաստանի»: Նա հայտարարել է, որ սկսելով ռազմական օպերացիա Սիրիայում՝ ՌԴ-ն ձգտել է կանգնեցնել ահաբեկիչներին իր սահմաններից հեռու:

Նրա խոսքով՝ Մերձավոր արևելքի երկրները՝ Լիբիան ու Սիրիան, վերածվել են քաոսի ու անարխիայի գոտու: Նրա խոսքով՝ «մենք գիտենք, թե ով է ցանկացել տապալել այդ ռեժիմները», «ով է եփել այդ ճաշը», իսկ հետո «լվացել ձեռքերը»:

Պուտինը հայտարարել է, որ չպետք է թույլ տալ ահաբեկիչներին հասնել իրենց ուզածին: Նա ասել է, որ Թուրքիան, որի մեղքով Սիրիայում սպանվեցին ռուս զինվորականները, «լցնում է իր գրպանները»՝ ահաբեկիչներից գնելով անօրինական նավթ՝ հենց այդ գումարով են ահաբեկիչները ահաբեկչություններ կազմակերպում:
«Մենք չենք մոռանա ահաբեկիչներին ցուցաբերված օգնության մասին: Դավաճանությունը միշտ համարել ենք ամենաամոթալի ու խայտառակ գործը»,- հայտարարել է նա՝ նշելով, թե Ալլահը որոշել է պատժել թուրքական էլիտային՝ նրան զրկելով «խելամտությունից ու բանականությունից»:

«Նրանք դեռ կզղջան իրենց արածի համար»,- հայտարարել է Պուտինը:

Տեսանյութեր

Լրահոս