«Ամենավտանգավորը, որ «Նոր Հայաստանի» ռադիկալ գործողություններին կլինի իշխանության ռադիկալ պատասխան». Վադիմ Դուբնով
«Երևանում մեծ է ռադիկալացման վտանգը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Մոսկվայի «Նովոստի» լրատվական գործակալության վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով Երևանում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ազդարարած հեղափոխությանը:
Նա նշեց, որ Ազատության հրապարակում այս օրերին ծավալվող շարժման անդամների ելույթներում հետաքրքիր երանգներ են ի հայտ եկել: Նրա կարծիքով` այն բանավեճը, որը կար հայաստանյան հանրության շրջանում Ռուսաստանի հետ հարաբերությունների, երկրի շրջափակման, զարգացման ռազմավարական հեռանկարներ վերաբերյալ ինչ-որ կերպ ծալվալվում էր սրճարաններում, այգիներում, սոցիալական ցանցերում, բայց ոչ հանրային կերպով: Սակայն, ռուս վերլուծաբանի խոսքով, հարթակում կանգնած գործիչների ելույթներում երևում են այդ բանավեճի նշույլները:
Սա Վադիմ Դուբնովը դրական հանգամանք է համարում, որն օգտակար ու հետաքրքիր է թվում, քանի որ ժամանակի ընթացքում այս քննարկումների թեմաները կդառնան քաղաքական գործոն` փոխելով հայաստանյան քաղաքական դաշտի կոնտեքստը:
Նա նշեց, որ թեև առաջարկվող պայքարի գործիքները նման են Մայդանի գործողություններին, այնուամենայնիվ Ազատության հրապարակը Մայդան չէ և չի դառնա, ավելին այդ մեթոդները Հայաստանում չեն աշխատի, ինչպես չեն աշխատել նախկինում:
«Այս ամենում ինձ միայն մտահոգում է ռադիկալ հռետորաբանությունը: Ըստ իս, կա գործողությունների է՛լ ավելի ռադիկալացման վտանգ և, որ ավելի վտանգավոր է, համապատասխանաբար կլինի ռադիկալ պատասխան իշխանության կողմից»,- նման կանխատեսում արեց Վադիմ Դուբնովը: Վերջինիս համոզմամբ, շարժումը չունի արտաքին պատվիրատու:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: