«Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռազմական բախում չի լինի». Վաղարշակ Հարությունյան

«Սիրիայում թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի ոչնչացումը համարվում է ոչ բարեկամական քայլ: Ռուսաստանի նախագահը դա գնահատեց՝ որպես հարված թիկունքից: Սրան հետևեց այն, ինչ որ մենք հիմա տեսնում ենք` Ռուսաստանի կողմից տնտեսական սանկցիաներ, Սիրիայում օդուժի բազայի ուժեղացում և ընդհանրապես բոլոր ուղղություններով ռուս-թուրքական հարաբերությունների սառեցում»,- այսօր «Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների սրացման ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ Պաշտպանութան նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ ՆԱՏՕ-ի և ՕԴԿԲ-ի կողմից որևէ գործողություն չիրականացվեց, ինչն ըստ նրա՝ խոսում է այն մասին, որ և՛ ՕԴԿԲ-ն, և՛ ՆԱՏՕ-ն գիտակցում են այս միջադեպի զարգացման սպառնալիքները ոչ միայն՝ տարածաշրջանում, այլ նաև՝ գլոբալ անվտանգության տեսանկյունից:

Վ. Հարությունյանը քիչ հավանական է համարում Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռազմական բախումը. «Այո, պատմության ընթացքում եղել են ռուս-թուրքական պատերազմներ, բայց դրանք եղել են այլ ռազմաքաղաքական իրավիճակներում: Այսօր Ռուսաստանը միջուկային գերտերություն է, իսկ Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի անդամ պետություն, որտեղ որ կան նույնատիպ միջուկային գերտերություններ, և այդ բախումը կբերի աշխարհի ոչնչացման, ինչը բոլորը գիտակցում են: Հիմա էլ նույն Ամերիկայում Թուրիքայի հանդեպ քննադատություն է հնչում, որ նա անում է քայլեր, որոնք ադեկվատ չեն: Այնպես որ, ես ուղղակի համոզված եմ, որ դա չի բերի ռազմական հակամարտության, որովհետև Թուրքիան չի կարող Ռուսաստանին դեմ գնալ, նա ի վիճակի չէ կռվել, քանի որ տարբեր ռազմական ու ռազմաքաղաքական ներուժ ունեն»:

Անդրադառնալով Թուրքիայի կողմից առաջ քաշվող այն կարծիքին, թե ռուսական ինքնաթիռը հատել է Թուրքիայի սահմանը, դրա համար են խոցել, բանախոսը բերեց Թուրքիայի կողմից հայկական և հունական սահմանների խախտման օրինակները, երբ վերջիններս չեն խոցել թուրքական ինքնաթիռները կամ ուղղաթիռները. «Երբ թուրքական երկու ուղղաթիռ հատել էին մեր սահմանը ու մի քանի րոպե գտնվել մեր տարածքում, մենք չեն ոչնչացրել, որովհետև գնահատել ենք, որ իրենց կողմից սպառնալիք չկա, եթե լիներ սպառնալիք, ապա իրենք կխոցվեին նույն պահին: 2244 անգամ 2014թ. ընթացքում Թուրքիան խախտել է Հունաստանի սահմանը, և որևէ ինքնաթիռ չի խոցվել, ավելին, երեկ՝ դեկտեմբերի 1-ին, երեք F16 ինքնաթիռ նորից մտել են Հունաստանի տարածք և չեն խոցվել, իսկ ռուսական ինքնաթիռը գնացել է սահմանին զուգահեռ և զենք չի ունեցել, ու ըստ Թուրքիայի՝ 17 վայրկյան է գտնվել օդում: 17 վայրկյանում հնարավոր չէ որոշում ընդունել ու խոցել այդ ինքաթիռը: Դա պլանավորված ու նպատակաուղղված ակցիա էր, որպեսզի խոցեն ռուսական ինքնաթիռը, որը խանգարում էր Թուրքիայի շահերին այդ տարածաշրջանում, ու թաքնվեն ՆԱՏՕ-ի հետևում:

Միջազգային օրենքի տեսանկյունից ինքնաթիռը, նավը ներկայացնում է այդ պետության տարածքը, և հարձակումը նավի և ինքնաթիռի հանդեպ՝ նշանակում է՝ պետության հանդեպ»,- ասաց Վ. Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս