«Ես չեմ բացառում, որ ի վերջո վարչապետ կդառնա Սերժ Սարգսյանը». Դավիթ Հարությունյան

«Իշխանափոխություն չի նշանակում: Ի՞նչ տեղի կունենա: Ես կարծում եմ՝ կլինեն սովորական ընտրություններ 2017թ.: Եթե Հանրապետական կուսակցությունը հատկապես մեծամասնական պատգամավորների հաշվին դարձյալ մեծամասնություն ունենա խորհրդարանում, ապա կձևավորի իր կառավարությունը: Ես չեմ բացառում, որ ի վերջո վարչապետ կդառնա Սերժ Սարգսյանը, և գործադիր իշխանության բոլոր լծակները կտեղափոխվեն հանրապետության նախագահի դաշտից դեպի վարչապետ»,- «Ա1+»-ի եթերում այս մասին հայտարարել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների ընդդիմախոսների այն փաստարկին, որ հանրաքվեի ընթացքում ասած «Ոչ»-ն ինքնին նշանակում է իշխանափոխություն:

Նրա կարծիքով՝ սա շատ բնական զարգացման սցենար է, եթե ոչինչ չի փոխվում: Հարցին, թե 2018թ. ո՞վ է դառնալու նախագահը, Դավիթ Հարությունյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ իշխանությունն ամեն ինչ կանի, որպեսզի անցի իր թեկնածուն: Բայց անգամ եթե ընդդիմադիր թեկնածուն եղավ Հանրապետության նախագահ, նա արդեն զրկված կլինի գործադիր իշխանության լծակներից, որովհետև խորհրդարանական մեծամասնությունը դրանք օրենքի ուժով կտեղափոխի դեպի վարչապետ: Մենք կունենանք գրեթե նույն պատկերը, ինչ վարչապետ Պուտին և նախագահ Մեդվեդևի պարագայում:

Բայց նորից եմ կրկնում՝ կարող է լինել նաև ընդդիմադիր նախագահ, որը չի ունենա լծակներ: Շատ նման կլինի Վրաստանի իրավիճակին, երբ վարչապետը պարոն Իվանիշվիլին էր»:

Տեսանյութեր

Լրահոս