ՆԱՏՕ-ն Չեռնոգորիային հրավիրել է անդամակցել դաշինքին
ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները հրավիրել են Չեռնոգորիային անդամակցել դաշինքին: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է Reuters-ը:
«Արտգործնախարարները պատմական որոշում են կայացրել՝ սկսել բանակցությունների գործընթաց այն մասին, որ Չեռնոգորիան դառնա մեր դաշինքի 29-րդ անդամը»,- հայտարարել է նա Հյուսիսատլանտյան խորհրդի նիստում:
«Մենք շնորհավորում ենք Չեռնոգորիային: Դա շատ գեղեցիկ դաշինքի սկիզբն է»,- ասել է նա:
Ստոլտենբերգը խոսքը փոխանցել է Չեռնոգորիայի արտաքին գործերի ու եվրոպական ինտեգրման նախարար, փոխվարչապետ Իգոր Լուկշիչին, ով այդ օրը «պատմական» է անվանել Չեռնոգորիայի համար: «Կարծում եմ՝ դա նույնքան կարևոր պահ է նաև դաշինքի համար»,- հավելել է նա:
Ավելի վաղ Ռուսաստանը նամակ էր ուղարկել ՆԱՏՕ-ին անդամակցող միանգամից մի քանի պետությունների՝ նախազգուշացնելով, որ վերջինիս անդամակցությունը կհանգեցնի Մոսկվայի ու դաշինքի միջև հարաբերությունների վատացման:
Ի պատասխան՝ Ստոլտենբերգը, նոյեմբերի 20-ին ելույթ ունենալով Բելգրադում, հայտարարել է, որ ոչ ոք, այդ թվում՝ Ռուսաստանը, իրավունք չունի միջամտել դաշինքի գործերին: