Բուդաղյանների բողոքի քննությունն անորոշ ժամկետով հետաձգվել է
Վերաքննիչ դատարանն այսօր անորոշ ժամկետով հետաձգեց Բուդաղյանների բողոքի քննությունը: Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ փաստաբան Մարտին Զիլֆուղարյանի կողմից դատարան են ներկայացվել փաստաթղթեր, ինչից հետո նոր փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն է առաջացել:
Նշենք, որ վերաքննիչ դատարանը քննում է Արտակ և Ավետիք Բուդաղյանների հոր՝ Էմիլ Բուդաղյանի, ինչպես նաև նրա ներկայացուցիչ Արտակ Բուդաղյանի բողոքները: Նրանք բողոքարկել են Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը որով մերժվել էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի, նրա օգնականի՝ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման դեմ բողոքները, ինչպես նաև 2013թ. հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման դեմ բողոքը: