Րաֆֆի Հովհաննիսյանը պարզաբանում է՝ ինչ է նշանակում «Մա՛հ ռեժիմին»
Գիշերն Ազատության հրապարակում խաղաղ է անցել՝ առանց միջադեպերի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ երեկ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հանրահավաք-երթից հետո նստացույց է սկսել Ազատության հրապարակում:
Մեր այն հարցին, թե հաշվի առնելով այն, որ անընդհատ նշում եք, թե ձեր ակցիան խաղաղ է՝ արդյոք Ձեր որդեգրած քաղաքականության մեջ մտնո՞ւմ են՝ «Մա՛հ ռեժիմին», «Նաև արյամբ կկառուցենք մեր երկիրը» հայտարարությունները, որոնք երեկվա հանրահավաքի ժամանակ հնչեցին հարթակից ու որոնք ավելի բռնի գործողություններ են ենթադրում, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց, որ տարբեր գործիչներ տարբեր ձևակերպումներ են տալիս:
«Ես ասել եմ, որ ժողովուրդը պետք է պատրաստ լինի տևական պայքարի, դուք գիտեք, որ ես նվիրված եմ և հանձնառու եմ խաղաղ, անարյուն պայքարի, կարծում եմ՝ յուրաքանչյուր ելույթ ունեցող, նաև «Նոր Հայաստանը»՝ նվիրված է խաղաղ պայքարի քաղաքականության: Այդ բռնությունը գալիս է իշխանությունից»,- հայտարարեց Ր. Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ եթե բռնություն լինի, ժողովուրդը պետք է ինքնապաշտպանվի: Անդրադառնալով Ժ. Սէֆիլյանի հայտարարած «Մա՛հ ռեժիմին»՝ կարգախոսին, Ր. Հովհաննիսյանն ասաց. «Ռեժիմի մահը ինչպե՞ս եք պատկերացնում, այսինքն՝ իշխանությունները պետք է հեռանան, և ժողվուդրը պետք է իշխանություն ձևավորելու իր սահմանդրական իրավունքը իրացնի: Հիմա մեկը կարող է մի առոգանությամբ դա հայտարարի, մեկը՝ ուրիշ: Այնտեղ մարդու նկատմամբ բռնություն կատարելու որևէ կոչ չկա»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: