Բաժիններ՝

«Եղել է զինված բանդայի կողմից հարձակում. սկզբում ասեց՝ քեզ գլխից կխփեմ ու կմարսեմ, հետո զանգեց և ասեց՝ ստեղ մեկը կա, եկեք, սպանեք». պատմում է դասախոս Հովհաննես Հովհաննիսյանը. ankakh.com

Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ԵՊՀ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի դասախոս, ՀՀ Հանրային խորհրդի անդամ, Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը «Անկախ»-ի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչ է տեղի ունեցել:

«Նոյեմբերի 25-ին Հովհաննես Հովհաննիսյանը մանկավարժական համալսարան է գնացել ամենևին ոչ որևէ քաղաքական քննարկման մասնակցելու նպատակով, այլ պարզապես իր գործընկերներից երկուսին մանկավարժական համալսարանից վերցնելու և իր մեքենայով մեկ այլ գործընկերոջը հիվանդանոցում տեսակցելու գնալու նպատակով: Բայց փաստորեն, իրադարձությունների ընթացքը փոխվել է այնպես, որ հենց Հովհաննիսյանն է հայտնվել հիվանդանոցում: Իսկ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Հովհաննես Հովհաննիսյանն իր մեքենայով Խանջյան փողոցից շարժվել է մանկավարժական համալսարանի գլխավոր մասնաշենքի՝ աշխատակիցների ավտոմեքենաների համար նախատեսված հարթակի ուղղությամբ, և այդ ընթացքում մեքենայի առջև, թիկունքով դեպի մեքենան, հայտնվել է հաղթանդամ մի երիտասարդ ու սկսել քայլել առանց «նկատելու» մեքենան: Երբ Հովհաննիսյանը փորձել է շարժիչի ձայնով զգուշացնել, արձագանք չի եղել, իսկ երբ ձայնային թույլ ազդանշան է տվել, որպեսզի երիտասարդն ուշադիր լինի, վերջինս դա ընկալել է իբրև լուրջ մարտահրավեր՝ ուղղված «լավ տղու» դեմ ու սկսել է «լավ տղուն» համարժեք քայլեր ձեռնարկել. շրջվել է ու սկսել հաշիվ պահանջել ազդանշանի համար:

Հովհաննիսյանն իրեն բնորոշ հավասարակշռությամբ փորձել է բորբոքված երիտասարդին բացատրել, որ ազդանշան է տվել, որպեսզի զգուշացնի ուշադիր լինել. «Ով ինձ էս երկում զգուշացնի, ես իր լավը….»,-հայհոյել է «լավ տղեն», որից հետո Հովհաննիսյանը իջել է մեքենայից՝ բորբոքված երիտասարդին կարգի հրավիրելու նպատակով: Երիտասարդը ոչ միայն չի հանդարտվել, այլ սկսել է աջ ու ձախ հայհոյանքներ տեղալ՝ հայտարարելով, որ ինքը լավ տղա է, ու իրեն էս երկրում զգուշացնող դեռ չի եղել: Բանը հասել է նրան, որ վերջինս Հովհաննիսյանին սպառնացել է, թե «հենց ստեղ քեզ գլխից կխփեմ ու կմարսեմ»: Հայհոյախառն վեճը տեղափոխվել է բռունցքների դաշտ: Հովհաննիսյանը փորձել է պաշտպանվել, և արդյունքում «լավ տղեն» դեմքին մեկ-երկու հարված է ստացել, ինչից է՛լ ավելի է բորբոքվել ու հայտարարել, թե իրեն էս երկրում խփող չի եղել, հիմա կզանգի իր ախպերները կգան, Հովհաննիսյանի կսպանեն: Օրվա հերոսը մի քանի րոպեում խոսքը գործի է վերածում, և ահա երկաթե ու պլաստմասե մահակներով, սուր կտրող-ծակող գործիքներով զինված 6 հոգանոց խուլիգանական խումբը օպերատիվ կերպով ժամանում է: Բանդայի պարագլուխը՝ «լավ տղեն», մատը տնկում է Հովհաննիսյանի ուղղությամբ ու հրահանգում. «Հե՛սա, սպանե՛ք սրան…»:

Զինված հանցախումբը հարձակվում է Հովհաննիսյանի վրա, որը փորձում է պաշտպանվել, որքան կարող է, սակայն ստանում է մարմնական ծանր վնասվածքներ: Այդ ընթացքում գործին միջամտում են ՀՊՄՀ անվտանգության աշխատակիցները, և ժամանում է ոստիկանությունը: Հատկանշական է, որ հանցավոր խմբին չի զսպում անգամ ոստիկանների ժամանումը, և վերջիններս անգամ նրանց հասցեին են լուտանքներ թափում: Հովհաննիսյանին տեղափոխում են հիվանդանոց, որտեղ վերջինս ստացիոնար բուժման կուրս է անցնում՝ չկարողանալով մասնակցել ոստիկանների և քննիչի կողմից կատարված գործողություններին: Սակայն նա նշում է, որ ինչքանով իրեն հայտնի է, մինչ օրս ոստիկանատուն է տարվել միայն խմբի պարագլուխը ու բաց թողնվել: «Առայժմ չունեմ հստակ տեղեկություն քրեական գործի հարուցման մասին, ինձ չի տրամադրվել դատական բժշկի ուղեգիր: Չգիտեմ նաև բանդայի մյուս անդամները, որոնք ինձ համար անհասկանալի եղանակով անհետացան դեպքի վայրից, հայտնաբերվե՞լ են, թե՞ ոչ»,-ասաց նա՝ հավելելով, որ դեպքից 6 օր անց միայն իրեն զանգել է մի քննիչ և հրավիրել զրույցի: «Ես սա որակում եմ իբրև խուլիգանական դրդումներով սկսված բախում, իսկ ինչ վերաբերում է «Հայկական ժամանակ»-ի հոդվածին, ապա կրկնում եմ, որ բարոյական չէ, երբ մարդկանց պրոբլեմն օգտագործում են քաղաքական նեղ շահերի համար:

Խնդիրն այն է, որ եղել է զինված բանդայի կողմից հարձակում, ինչը ես համարում եմ ակնհայտ սպանության փորձ, որովհետև 3 անգամ այդ բանդայի պարագլուխը հայտարարեց, որ ինձ կսպանի. սկզբում ասեց՝ քեզ գլխից կխփեմ ու կմարսեմ, հետո զանգեց և ասեց՝ ստեղ մեկը կա, եկեք, սպանեք, իսկ հետո, երբ դրանք եկան, ասեց՝ հեսա, սպանեք: Իսկ բանդայի գործողությունները կոնկրետ քայլեր էին այդ սպառնալիք-ծրագիրն իրականացնելու ուղղությամբ»: Անկախի աղբյուրների համաձայն՝ «լավ տղա» կոչվածը թաղային հեղինակություն է և այդ օրը մանկավարժական համալսարան էր եկել հարսնացուին տեսակցելու:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս