Ուկրաինայի Գերագույն ռադայի դիմաց ցույցի են դուրս եկել հարյուրավոր ուկրաինացիներ
Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ ցույց է դուրս եկել շուրջ 1000 մարդ, հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը: Վերջիններս դուրս են եկել փողոց՝ այդկերպ բողոքելով Սահմանադրության փոփոխությունների դեմ:
Ներկայում դեռ շարունակվում է մարդկանց ցույցը, երբեմն մարդկանց հետ հանդիպելու են դուրս գալիս Ուկրաինայի ժողովրդական պատգամավորները:
«Ամբոխից լսվում են «Ամոթ» բղավոցներ ու դրանք կրկնվում են հաճախ: Կարգուկանոնը հսկում է մոտ 3,5 հազար միլիցիոներ»,- հայտնում է թղթակիցը:
Հիշեցնենք, որ Գերագույն ռադայում պատգամավորները պլանավորում են առաջին ընթերցմամբ քննարկման դնել Ուկրաինայի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու օրենքը ապակենտրոնացման մասով:
Դրա ընդունման համար հարկավոր է 226 պատգամավորի ձայնը: Փաստաթուղթը խորհրդարանում կներկայացնի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ներկայացուցիչ Ստեպան Կուբիևը:
Նշենք, որ վաղ առավոտից Ռադայի նախագահությունը արգելափակված է արմատական կուսակցության պատգամավորներով: