«Որևէ զարգացում Հայաստանի վրա չի կարող ազդել». թուրքագետ

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանն այսօրվա ասուլիսին, անդրադառնալով Էրդողանի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վերաբերյալ Թուրքիայում ապրող հայերի դիրքորոշմանը` ասաց, որ Թուրքիայում ապրող հայերի մեջ առկա են տարաբնույթ կարծիքներ. «Շատերը Էրդողանի իշխանության կողմնակիցն են Թուրքիայում, շատերը՝ ոչ, սակայն կարող ենք փաստել մի բան, որ ներկայումս Թուրքիայի «հայ համայնքի» ղեկավարները բավական մեծ կախում ունեն թուրքական իշխանություններից և նրանց յուրաքանչյուր քայլ մշտապես համաձայնեցվում են թուրքական իշխանությունների հետ»:

Թուրքագետը նկատեց՝ թուրքական խորհրդարանում անցել են մի շարք հայ պատգամավորներ ինչպես ընդդիմությունից, այնպես էլ իշխող կուսակցությունից. «Իշխող կուսակցության ներկայացուցիչ Մարգար Եսայանը բավական մեծ հեղինակություն է վայելում Թուրքիայում բնակվող հայերի շրջանում: Թուրքիայում ապրող հայ համայնքը չունի հստակ ընդդիմադիր կամ հստակ իշխանամետ դիրքորոշում, մի մասը կաջակցի իշխանամետ Եսայանին, մյուս մասը՝ ընդդիմադիր կուսակցությունների հայ պատգամավորներին»:

Բանախոսը նշեց նաև, որ Թուրքիայի և Արևմուտքի լարված հարաբերություններում հայկական կողմը վարում է բավական ճկուն քաղաքականություն.«Հայկական կողմը փորձում է զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք ավելի կսրեն իրավիճակը: Տվյալ դեպքում, կարող ենք ասել, որ սա մի հակամարտություն է, որտեղ Հայաստանը բավական քիչ կերպով է ներգրավված և որևէ զարգացում Հայաստանի վրա չի կարող ազդել»:

 

Տեսանյութեր

Լրահոս