ԴԱԻՇ-ի ջիհադիստները Պալմիրայում հնագույն տաճար են պայթեցրել
ԴԱԻՇ-ի զինյալները կենտրոնական Սիրիայում՝ Պալմիրա քաղաքում, պայթեցրել են հնագույն Բաալ-Շամինա տաճարը, հայտնում է AFP-ն:
Սիրիացի պաշտոնյաները հայտնել են, որ ըստ իրենց ունեցած տեղեկությունների՝ տաճարն ավերվել է անցած կիրակի: Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի ակտիվիստներն իրենց հերթին հայտարարել են, թե տաճարն ավերվել է դեռ մեկ ամիս առաջ:
Ինչպես գործակալությանը պատմել է Սիրիայի հուշարձանների պահպանության գերատեսչության ղեկավար Մաամուն Աբդուքարիմը, զինյալները մեծ քանակությամբ ռումբեր են տեղադրել տաճարում՝ տաճարին հասցնելով մեծ վնաս:
Բաալ-Շամինան (կամ Բաալշամեմա) համարվում է ուշ անտիկ դարաշրջանի ամենանշանակալի հուշարձանը, այն կառուցվել էր ի պատիվ Փյունիկիայի փոթորիկների ու կենարար անձրևների աստծո պատվին: Պատմաբանների կարծիքով՝ տաճարը կառուցվել է 1-ին դարում:
Հիշեցնենք, որ ՅՈՒԿԵՍԿՕ-ի հովանու ներքո գտնվող համաշխարհային հուշարձան Պալմիրան ԴԱԻՇ-ի զինյալները գրավել էին դեռ մայիսի կեսին:
Ավելի վաղ իսլամիստները մի քանի հնագույն հուշարձան էին ավերել Իրաքում, մասնավորապես՝ Մոսուլում ու Նիմրուդում: Մտավախություն կար, որ նույն ճակատագիրը կարող է սպառնալ նաև Պալմիրային: