Մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի հայտարարությունը
Հարգարժան հանրություն Խորապես ցավում և վշտացած եմ Մերի Մարգարյանի ողբերգական մահվան կապակցությամբ: Մերին ինձ համար ավելին էր, քան պարզապես հաշվառված հղի: Դա կարող են փաստել շատերը: Մերիի մահը նաև իմ անձնական վիշտն է, որը ես կկրեմ ամբողջ կյանքիս ընթացքում:
Որևէ կերպ չեմ փորձել պատասխանել մամուլում հնչած գնահատականներին, հակառակվել արտահայտված տեսակետներին կամ հերքել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունն ու փաստերի բազմաթիվ աղավաղումները՝ հասկանալով մեծ կորուստ ունեցած ընտանիքի զգացմունքները, ցավն ու անդառնալի կորուստը:
Կլռեի նաև հիմա, սակայն աշխատանքիս վերադառնալու առիթով ԶԼՄ-ների բարձրացրած աղմուկի նոր ալիքին ի պատասխան ստիպված եմ անելու սույն հայտարարությունը: Տեղեկացնում եմ, որ չնայած ծանր հոգեբանական վիճակիս ստիպված եմ եղել վերադառնալ աշխատանքային պարտականություններիս կատարմանը, հանդիպել այն հղի կանանց, ովքեր ունեն իմ կարիքը: Իհարկե, նկատի ունենալով հոգեպես ճնշված և վշտացած վիճակս, որևէ ծնունդ չեմ վարում, սակայն չէի կարող մնալ տանը, չտեսնել իմ պատասխանատվության ներքո գտնվող հղիներին ու հիվանդներին: Ինչպես հայտնի է, ներկայումս գործը քննվում է իրավապահ մարմինների կողմից: Համոզված եմ, որ տեղի ունեցած ողբերգության իրական պատճառները կպարզվեն դատաբժշկական փորձաքննությունների և հարուցված քրեական գործի քննության արդյունքում: Եթե Մերիի ողբերգական մահվան մեջ կան մեղավորներ, ապա նրանք բոլորն էլ օրենքի շրջանակներում պետք է կրեն պատասխանատվություն:
Հարգանքով` Շուշանիկ Ալբերտի Բախշյան