Մահացել է հայտնի դերասան Լև Դուրովը
Մոսկվայում 84 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո մահացել է ԽՍՀՄ ու Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լև Դուրովը: Նրա մահվան մասին հայտնել է դերասանի դուստրը՝ Եկատերինան:
Ռուսաստանի թատերական գործիչների միությունից հայտնել են, որ դերասանը գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ մահից օրեր առաջ բժիշկները նրան վիրահատել էին, սակայն չէր հաջողվել փրկել կյանքը:
Օգոտոսի 7-ին հայտնի էր դարձել նրա հոսպիտալացման մասին՝ կապված սրտի հետ ունեցած խնդիրների հետ: Վիրահատությունից հետո բժիշկները նրա վիճակը գնահատել էին ծանր ու աշխատել էին ոչ մի կանխատեսում չկատարել: Դրանից բացի՝ նրա մոտ ախտորոշվել էր թոքաբորբ:
Մինչ այդ՝ դերասանն արդեն երկու ինֆարկտ էր տարել ու սրտի վիրահատություն:
Լև Դուրովը ծնվել է Մոսկվայում 1931թ. դեկտեմբերի 23-ին: 1954 թվականին նա ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան:
Դուրովը կինոյում սկսել է նկարահանվել 1954 թվականից ու մարմնավորել ավելի քան 200 դեր:
Նրան ժողովրդական մեծ ճանաչում բերեցին «Ես քայլում եմ Մոսկվայով», «Ծերունի ավազակները», «Գարնան 17 ակնթարթները», «Մեծ փոփոխություն» ֆիլմերը: