Եվրոխումբը համաձայնեցրել է Հունաստանի օգնության ծրագիրը
Միջազգային վարկատուները համաձայնել են երեք տարում Հունաստանին տալ 86 մլրդ եվրո: Եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարները երեկ ավելի քան 6 ժամ քննարկել են պարտքային ճգնաժամի մեջ գտնվող Հունաստանին օգնության տրամադրման հարցը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Մենք ձեռք ենք բերել դրական արդյունք ու վերացրել վերջին տարաձայնությունները»,- ասել է Եվրոխմբի նախագահ Յերուն Դեյսելբումը:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի խոսքով՝ վարկատուների հետ համաձայնությունը կոչված է «հստակ ու պարզ» ցույց տալ, որ Հունաստանը կմնա եվրոգոտում:
Յունկերը հավելել է, որ վերջին 6 ամսում եվրոպացի պաշտոնյաներն ու եվրոպական երկրների ղեկավարները ստիպված էին գտնվել անդունդի եզրին Հունաստանի ապագայի անորոշության պայմաններում:
Ֆինանսական օգնության դիմաց Հունաստանն ավելի վաղ համաձայնել էր անցկացնել մի շարք բարեփոխումներ, որոնց թվում էր կենսաթոշակային տարիքի բարձրացումը, սեփականաշնորհումը, հարկերի բարձրացումն ու ծախսերի կրճատումը:
Նոր ծրագրի շրջանակում օգնության առաջին տրանշը Հունաստանը կկարողանա ստանալ արդեն օգոստոսի վերջին: