Ավետիսյանների հարազատները ցանկանում են տեսնել Պերմյակովին. ԳԱԼԱ
Ավետիսյանների հարազատները, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դատաքննությանը:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը` Ռիտա Պետրոսյանը նշել է, որ ունի ցանկություն մասնակցել օգոստոսի 12-ին սպասվող դատաքննությանը:
Ինչպես հիշեցնում է կայքը, հաջորդ շաբաթ ռազմաբազայում տեղի կունենա դատաքննություն, որն առնչվում է դասալքության եւ զենքի հափշտակության հատկանիշներով հարուցված քրեական գործին:
Ռիտա Պետրոսյանը տեղյակ է, որ դատաքննությունն այս փուլում չի առնչվում իր հարազատների սպանությանը, մասնակցելու է միայն այն բանի համար, որ հնարավորություն ստանա տեսնել մեղադրյալին:
«Իմ փաստաբանն էլ ինձ ասել է, որ այլ գործ է քննվելու բայց ես ցանկանում եմ մասնակցել: Աղջիկները չեն կարողանա, դժվար կլինի իրենց համար: Հոգեպես պատրաստ չեն: Բայց մեր տղաները, մենք անպայման ցանկանում ենք մասնակցել: Ուղղակի ինձ հետաքրքիր է իրեն տեսնել, թեկուզ իր աչքերի մեջ նայելը` արդյո՞ք ինքը կարող էր էդքան բանը մենակ աներ, թե այս ամենը դասավորած էր: Բացարձակ խելքիս մոտ բան չէ: Ոչ մի բան այդպես էլ չհասկացանք ու չպարզվեց»,-նշել է Ռիտա Պետրոսյանը:
Ավետիսյանների հարազատներին այլ բան է հիմա մտահոգում: Ունեն մտավախություն, որ դասալքության գործի քննությամբ ավարտվի ամեն ինչ: Հարցադրում են՝ իսկ եթե՞ Պերմյակովին այս դատաքննությունից հետո տանեն Գյումրիից, պատիժը կրելու համար ուղարկեն Ռուսաստանի Դաշնություն: Այդ դեպքում ի՞նչ է լինելու սպանության գործի քննությունը: Ինչպե՞ս է քննվելու 7 հոգու սպանության գործը, եթե նա չհանձնվի հայկական կողմին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: