Օբաման թույլատրել է Սիրիայում օգտագործել ռազմական ավիացիա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման թույլատրել է օգտագործել ամերիկյան ավիացիա, որպեսզի պաշտպանի ԱՄՆ ԶՈՒ աջակցությամբ պատրաստված այսպես կոչված չափավոր ընդդիմությանը, եթե նրանք հարձակումների ենթարկվեն Սիրիայի կառավարական ուժերի կամ այլ խմբավորումների կողմից: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Այս որոշման ընդունման շուրջ Վաշինգտոնում վեճերը մի քանի ամիս շարունակվում էին: Համաձայն նոր կանոնների՝ Պենտագոնը կարող է ԱՄՆ-ի դաշնակից ուժերին պաշտպանելու նպատակով հարվածներ հասցնել Ասադի ռեժիմին: Սակայն, ըստ ամերիկացի զինվորականների, մոտ ապագայում ուղղակի բախման հավանականությունը այնքան էլ բարձր չէ:
«Զորքերի վերջին պատրաստությունները ուղղված են արմատական ԴԱԻԾ խմբավորման, այլ ոչ թե Ասադի ռեժիմի դեմ, այդ պատճառով էլ դրանք չեն տեղակայվի շրջաններում, որոնք գտնվում են նրա վերահսկողության ներքո»,- ասվում է պարբերականի հաղորդագրության մեջ:
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ալիստեր Բասկին հրաժարվել է մեկնաբանել նոր կանոնները: Այդուհանդերձ, նա նշել է, որ ԱՄՆ ադմինիստրացիան հստակ հասկացրել է, որ «անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի, որպեսզի այդ զորքերը կարողանան հաջողությամբ իրականացնել իրենց առաքելությունը»: