Բաժիններ՝

ԱՄՆ-ի պատկերացումն իր մասին՝ որպես մարդու իրավունքների գլոբալ պաշտպանի, հեգնանք է հարուցում. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունն առ այն, թե Ադրբեջանի իշխանությունները պետք է հարգեն սեփական քաղաքացիների հիմնարար իրավունքները։ Այս մասին հայտնում է APA-Ն:

Գաջիևը հայտարարել է, թե ԱՄՆ Պետդեպարտամենտի «խորը անհանգստությունը» երկակի ստանդարտների վառ օրինակ է:

«Ադրբեջանը դեմոկրատական երկիր է, որտեղ օրենքի գերակայությունն ամբողջությամբ ապահովված է, ու ոչ ոք այստեղ չի հետապնդվում իր քաղաքական գործունեության ու հայացքների համար: Նման սուբյեկտիվ դատողություններն առանց դատարանի որոշման՝ ինչ-որ մի դեպքի համար, որն ունի հանցակազմ, ոչ այլ ինչ է, եթե ոչ անտեղին ու անօգուտ միջամտություն»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավարը:

«Տարօրինակ է, որ ավելի քան 1 միլիոն ադրբեջանցի փախստականների ու բռնի տեղահանվածների իրավունքների զանգվածային խախտումները, որոնց հիմնարար իրավունքները խախտվել են հայկական օկուպացիայի հետևանքով, երբեք չեն հարուցել ԱՄՆ Պետդեպարտամենտի խորը անհանգստությունը:

Այն, որ ԱՄՆ-ը, իր երկիրը պատած ոստիկանական բռնության ու ռասայական խտրականության պարբերական խախտումներով, Գուանտանամոյի բանտերում երկարատև կալանավորումներով ու կտտանքներով, երկրի ներսում գաղտնի ու անգամ ամենասերտ դաշնակիցներին գլոբալ մակարդակով գաղտնալսելու, այլ երկրների ինքնիշխանությունը խախտելով առանց դատարանի անօդաչու թռչող սարքերի միջոցով սպանությունների ու նման կարգի բազմաթիվ խնդիրների ֆոնին, անտեսելով մարդու իրավունքների հարցով պատավորությունները, որ վերցրել է իր վրա միջազգային կազմակերպությունների շրջանակում, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում, հանդես է գալիս մարդու իրավունքների գլոբալ պաշտպանի դերում, հեգնանք է առաջացնում»,- ասել է Գաջիևը:

Նշենք, որ ԱՄՆ Պետդեպի մամլո ծառայությունը խորը անհանգստություն էր հայտնել՝ կապված Ադրբեջանում մարդասիրական գործունեության սահմանափակման, լրագրողների ու ակտիվիստների կալանավորման հետ:
ԱՄՆ Պետդեպը կոչ էր արել Ադրբեջանին հարգել սեփական քաղաքացիների իրավունքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս