Շատ կարևոր է զինվորին «բանակային այբուբենը» ուսուցանելը. ՊԲ սպա-հոգեբան

«Ապառաժ»-ի հյուրն է ԼՂՀ Պաշտպանության բանակի անձնակազմի հետ տարվող աշխատանքների հոգեբանական բաժանմունքի ավագ սպա, լեյտենանտ Նարինե Հայրապետյանը:

– Տիկին Հայրապետյան, ե՞րբ է ստեղծվել Պաշտպանության բանակի հոգեբանական բաժանմունքը եւ ի՞նչ գործառույթներ է իրականացնում:

– Պաշտպանության բանակի անձնակազմի հետ տարվող աշխատանքների հոգեբանական բաժանմունքը ստեղծվել է 2014 թ. փետրվարին, որի նպատակը զինանձնակազմի բարոյահոգեբանական վիճակի կայունության ապահովումն է խաղաղ և պատերազմական պայմաններում:

Այն իրականացնում է մի շարք կարևոր գործառույթներ:

Երբ երիտասարդը ծնողներից բաժանվում է, նա ծնողին փոխարինող մարդու կարիք է զգում. սա պետք է հասկանալ ու փորձել գործել ծնողի նման: Եվ ոչ միայն հոգեբանը, այլեւ ցանկացած սպա պետք է կարողանա դա անել, իսկ ծեծված բառերը` լավ է լինելու, մի քիչ էլ դիմացիր, չեն օգնում: Զինվորը պետք է զգա, որ ինքն ուշադրության կենտրոնում է և իր հանդեպ ցուցաբերվում է սրտացավ ու հոգատար վերաբերմունք:

Հոգեբանին դիմած զինվորի հետ աշխատանքը պետք է շարունակական լինի, այսինքն՝ մեկ անգամ զրույցով հնարավոր չէ սահմանափակվել:

Հոգեբանական միջամտության և օգնության կարիք ունեն ոչ միայն զինվորները, այլ նաև սպայակազմը. հատկապես երիտասարդ լեյտենանտը և բազմաթիվ տարիների ծառայություն ունեցող սպան:

Մեր կարեւոր նպատակն է՝ օգնել լուծում գտնելու: Հոգեբանը, ընդհանրապես, երբեք չպետք է ինքը լուծում առաջարկի կամ խորհուրդ տա, նա պետք է այնքան աշխատի, որ իրեն դիմած զինվորականն ինքը հանգի խնդրի այս կամ այն արդյունավետ լուծմանը:

– Ինչքանո՞վ են ՊԲ զորամասերն ապահովված հոգեբան-մասնագետներով եւ նորաստեղծ հոգեբանական բաժանմունքը որքանո՞վ է վերահսկում նրանց աշխատանքները:

– Մինչ բաժանմունքի ստեղծվելը, զորամասերում արդեն կային սպա-հոգեբաններ, ովքեր աշխատանքներ էին տանում զինանձնակազմի հետ:

Նշեմ, որ զորմասերում ծառայող ոչ բոլոր սպա հոգեբաններն ունեն համապատասխան բազային կրթություն: Մեր բաժանմունքը կոչված է մեթոդական անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նրանց եւ կազմակերպելու նրանց վերապատրաստման գործընթացը: Այդ իսկ նպատակով զորամասերում աշխատող սպա-հեգեբանների հետ ժամանակ առ ժամանակ անց է կացվում հավաք-պարապմունքներ, որի նպատակը առաջավոր փորձի վերհանումն ու տարբեր օղակներում ներդնելն է: Ինչպես նաեւ նրանց տրվում է անհրաժեշտ գրականություն եւ անցկացվում բազմաբնույթ հոգեբանական -գործնական թեմաներով զրույցներ ու պարապմունքներ:

– Այս օրերին հակառակորդի կողմից անընդհատ աճում է սահմանային լարվածությունը: Ինչքանո՞վ է առաջնագծում կանգնած զինծառայողը հոգեբանորեն նախապատրաստված մարտական գործողություններ իրականցնելուն:

– Ասեմ, որ մինչ առաջնագծում ծառայելը, զորակոչիկները նախ 6 ամիս նախապատրաստական գումարտակում են գտնվում, որտեղ անհատական ու մասնագիտական պատրաստության պարապմունքներ են անցնում։ Այդ ընթացքում շատ կարևոր է նրանց սահուն եւ հարթ հարմարեցումը զինվորական կյանքին եւ «բանակային այբուբենը» ուսուցանելը: Այսօր հայ զինվորի հոգեկերտվածքի ձևավորումը հիմնվում է հետևյալ դրույթների վրա.

ա/ ինքնուրույնության ապահովում,
բ/ բարոյական սկզբունքների`կամքի, վճռականության ձևավորում,
գ/ հայրենաճանաչություն,
դ/ հայրենասիրության խթանում,
ե/ կարգապահության ու պատասխանատվության զգացման ձևավորում,
որոշումների ինքնուրույն ընդունում:

Եթե ճիշտ են ձևավորված այս բաղադրիչները, ապա դիրքում մենք ունենալու ենք մարտունակ, հոգեբանորեն պատրաստ զինվոր:

Բոլոր դեպքերում նորակոչիկային տարիքի տղաներին պետք է նախապատրաստել հայրենիքի պաշտպան դառնալու ոգով, քանի որ մեր ամենախոցելի տեղը նրանց հետ տարվող հոգեբանական աշխատանքի բացակայությունն է կամ թերությունը: Նորակոչային տարիքի տղաների հետ զբաղվում են զինկոմիսարիատները և դպրոցի զինղեկները, որոնց աշխատանքը հաճախ ձևական բնույթ է կրում: Բացի այդ, նորակոչիկներին չեն նախապատրաստում ինքնուրույն կյանքի /նա չգիտի խրամատ փորել, զինվորամասը մաքուր պահել, կարգ ու կանոնին հետևել, ճաշ եփել/, քանի որ մինչ բանակ գնալը նա գերխնամքի մեջ է եղել: Ուշանում է նրա` բանակային կյանքին հարմարվելու գործընթացը, որը հանգեցնում է բացասական հետևանքների: Շատ հաճախ նորակոչիկը սխալ դաստիարակության պատճառով իրեն այնքան արտոնյալ է զգում, որ արդեն ծառայության ընթացքում ամեն ինչ նրա համար դառնում է պրոբլեմային ու խնդրահարույց: Այս տարիքի տղաներին կարելի է նախապատրաստել իսկական զինվորական ծառայության, եթե արդյունավետ աշխատանք ծավալենք զինկոմիսարիատի ու դպրոցի զինղեկների հետ:

Տեսանյութեր

Լրահոս