Բաժիններ՝

Եթե դու տեր չես կանգնում քո արժեքներին, այդ տերն անպայման կգտնվի. Վահան Արծրունի. Tert.am

Կարծում եմ, որ մենք ինքներս պետք է նախաձեռնող լինենք ցանկացած հարցում, որովհետև եթե դու տեր չես կանգնում քո արժեքներին, այդ տերը անպայման կգտնվի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է երգիչ, երգահան Վահան Արծրունին՝ անդրադառնալով հայկական պատմական մշակութային ժառանգության պահպանմանը, և դրանց հեղինակային իրավունքների պաշտպանությանը։

«Այս պարագայում կարծում եմ, որ մենք և՛ գիտական, և՛ կազմակերպչական բավականին ռեսուրս ունենք, պարզապես համակարգման խնդիր կա, սակայն կարծեք թե այդ խնդիրը գիտակցվում է համապատասխան պատկան մարմինների կողմից»,- ասել է նա։

Վահան Արծրունին նկատել է, որ մշակութային ժառանգության հեղինակային պաշտպանությանն ուղղված որոշակի շարժ կա։ Նա նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակում ոչ նյութական արժեքների պարագայում Հայաստանի կողմից ինչ-որ գործընթացներ արվում են, Մշակույթի նախարարությունն է շատ ակտիվ, և ինչ-որ հաջողություններ կան՝ խաչքարերի, լավաշի, դուդուկի պարագայում։ «Բայց սա համակարգված խնդիր է, լուրջ գիտական բացատրության կարիք ունեցող, և հետո նոր կազմակերպչական փուլի մեջ մտնող, ինչ-որ բան արվում է, և դա շատ լավ է»,- ասել է երգահանը:

Արվեստագետը գտնում է, որ շատ արագ պետք է հստակեցվեն պատմական պարզաբանումները, արժևորվեն և դրանց տրվեն պետական նշանակություն։ «Երբ մենք ուշանում ենք այդ գործընթացները կազմակերպել սեփական երկրի մակարդակով, մենք ստանում ենք այն իրավիճակը, որը կա։ Այսինքն, մեր եղած ժառանգությունը պարզապես սեփականաշնորհվում է այլ երկրների կողմից, կամ ստանում է այլ մեկնաբանություն, որը իրականությանը չի համապատասխանում»,- ասել է նա։

Վահան Արծրունին նշել է, որ պատմական հայրենիքում, երբ մեր պատմական մշակութային արժեքները չեն ներկայացվում որպես մերը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն անելիք ունի, հաշվի առնելով, որ Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս