Բաժիններ՝

«Նման առաջարկություն ես չեմ ստացել». Գևորգ Դանիելյանը՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնի մասին

Արդարադատության նախկին նախարար, ներկայումս Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը դեռ չի առաջարկվել:

«Նման առաջարկություն ես չեմ ստացել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գ.Դանիելյանը՝ խորհուրդ տալով այդ մասին հարցնել նման լուրերը շրջանառության մեջ դնողներին:

Հիշեցնենք, որ Հովհաննես Մանուկյանն արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրել է հուլիսի 14-ին: Մինչ օրս այդ աթոռն ազատ է, գերատեսչության ղեկավարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը:

Մինչ այս արդարադատության նախարարի հավանական թեկնածուների շարքում նշվել են ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի, ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արթուր Օսիկյանի, ՀՀԿ պատգամավորներ Կորյուն Նահապետյանի և Արփինե Հովհաննիսյանի անունները: Վերջինիս մասին, ի դեպ, ասում են, որ հենց ինքն է իր անունը շրջանառում՝ որպես հավանական թեկնածու: Իսկ Կ. Նահապետյանի հետ կապված մամուլում տարբեր ինֆորմացիաներ շրջանառվեցին: Մի մասը ենթադրում էր, թե իբր Նահապետյանի նշանակման հրամանագիրը Սերժ Սարգսյանը կստորագրի հուլիսի 23-ին՝ հենց Նահապետյանի ծննդյան օրը, սակայն նույն օրը երեկոյան կայացած ՀՀԿ ԳՄ նիստից հետո որևէ կերպ խնդիրը չպարզաբանվեց, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, թե ՀՀ արդարադատության նախարարի թեկնածության հարց ընդհանրապես չի քննարկվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս