Իրանը կոչ է արել Թուրքիային ԴԱԻՇ-ի դեմ պայքարում հարգել մյուս երկրների ինքնիշխանությունը
Իրանի իշխանությունները կոչ են արել Թուրքիային հարգել մյուս երկրների ինքնիշխանությունը ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, հայտնում է AFP-ն:
«Ցանկացած պայքար ահաբեկչության դեմ պետք է իրականացվի միջազգային կանոններին ու պետությունների ինքնիշխանության նկատմամբ հարգանքով»,- գործակալությունը մեջբերել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարզիե Աֆհամի խոսքերը:
Նա բացատրել է, որ «ցանկացած գործողություն, որը հանգեցնում է ազգային կառավարությունների թուլացման, կարող է արդյունքում արթնացնել ահաբեկչական խմբավորումներին»:
Թուրքիայում իրավիճակը կտրուկ սրացել է վերջին շաբաթում ԴԱԻՇ-ի կողմից Թուրքիայի Սուրուչ քաղաքում ահաբեկչությունից ու երկրի հարավարևելյան նահանգներում թուրք ոստիկանների սպանությունից հետո:
Հիշեցնենք, որ Թուրքիան ռազմական օպերացիա է սկսել Սիրիայում ԴԱԻՇ-ի գրոհայինների, իսկ Հյուսիսային Իրաքում՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության անդամների դեմ:
Թուրքիայի ռազմաօդային ուժերը գրոհել են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության թիրախները Զապ, Մետինա, Գարա, Ավաշին, Սինատ« Հաֆտանին, Հաքուրք, Կանդիլ շրջաններում: