Բաքվում սկսվել է իրավապաշտպաններ Արիֆ ու Լեյլա Յունուսների դատավարությունը
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվել է ադրբեջանցի իրավապաշտպաններ Արիֆ ու Լեյլա Յունուսների գործով դատական նիստը, հայտնում է «Ազադլիգ» թերթը:
Դատարանի նիստում դատախազ Ֆարիդ Նագիևը կարդացել է մեղադրական ակտը, սակայն Յունուս ամուսիններն ասել են, որ չեն հասկանում, թե ինչի մեջ են իրենց կոնկրետ մեղադրում:
Հիշեցնենք, որ Լեյլա Յունուսին ձերբակալել էին 2014 թվականի հուլիսի 30-ին Բաքվում, իսկ Արիֆ Յունուսին՝ օգոստոսի 5-ին:
Նրանք ակտիվորեն զբաղվում էին իրավապաշտպան գործունեությամբ, մասնակցել են տարբեր միջազգային գիտաժողովների և սեմինարների, որոնք առնչվում էին Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության կարգավորմանը:
Ամուսինները մեղադրվում են «Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու» ու այլ հանցանքների մեջ: Amnesty International կազմակերպությունը նրանց հայտարարել է «խղճի բանտարկյալներ»:
Ամուսիններին ու քաղաքացիական հասարակության մյուս կալանավորված անդամներին ազատելու կոչով հանդես են եկել միջազգային տարբեր կազմակերպություններ ու գործիչներ:
Նախօրեին ամերիկացի 16 սենատորներ կոչ էին արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ազատել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Արիֆ ու Լեյլա Յունուսներին: