ԱՄՆ-ը մտավախություն ունի զանգվածային կիբերհարձակումների ենթարկվել ԴԱԻՇ-ի կողմից
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը վաղ թե ուշ կարող է զանգվածային կիբերհարձակումներ իրականացնել ԱՄՆ-ի դեմ, ABC հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Լորետտա Լինչը:
«Ինձ ու իմ գործընկերներին հանգիստ չի տալիս այն, որ ԴԱԻՇ-ի հնարավորությունները մեծանում են»,-ասել է Լինչը՝ հավելելով, որ տվյալ սպառնալիքը միանգամայն իրական է:
ԱՄՆ գլխավոր դատախազի կարծիքով՝ ԴԱԻՇ-ը ավելի մեծ սպառնալիք է Միացյալ Նահանգների անվտանգության համար, քան «Ալ-Քաիդան», քանի որ ԴԱԻՇ-ի գրոհայիններն ակտիվորեն օգտվում են սոցցանցերից ամերիկացիների հավաքագրելու նպատակով:
Լինչի խոսքով՝ ԴԱԻՇ-ը կիրառում է ծայրահեղական կազմակերպությունների համար նոր մարտավորություն՝ անցկացնելով «աննախադեպ արշավ սոցցանցերում»:
Խմբավորման գրոհայինները, նրա խոսքով, կոչ են անում ահաբեկչություն իրականացնել, ապա կատարվածի պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա:
«Դա լուրջ սպառնալիք է ու այն փաստը, որ այն դեռ նոր է մեզ համար, որ մենք դեռ նոր ենք փորձում գիտակցել դրա մասշտաբը, այն չափազանց վտանգավոր է դարձնում»,-ասել է Լորետտա Լինչը: