Քննարկվել են հայ-իտալական տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին:

Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և հումանիտար բնագավառներում առկա համագործակցությունից և կարևորել դրանց հետագա խորացումն ու ամրապնդումը:

Անդրադառնալով տնտեսական փոխգործակցությանը՝ կառավարության ղեկավարը նշել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի և Իտալիայի միջև արձանագրվել է առևտրաշրջանառության ծավալների կրկնակի աճ: Վարչապետը կարևորել է գործարար շրջանակների շփումների ակտիվացումը և շեշտել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել փոխշահավետ յուրաքանաչյուր առաջարկություն: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ որպես ՀՀ վարչապետ՝ անելու է ամեն ինչ՝ Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական հյարաբերությունների զարգացման և ամրապնդման համար:

Իր հերթին, Ջովաննի Ռիչուլլին ընդգծել է, որ իր երկիրը մեծապես կարևորում է բարեկամ Հայաստանի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացումն ու ընդլայնումը: Խոսելով տնտեսական կապերի զարգացման մասին՝ դեսպանն ընդգծել է, որ իտալացի գործարարների շրջանում առկա է մեծ հետաքրքրություն հայաստանյան շուկայի նկատմամբ:

Պարոն Ռիչուլլին նշել է, որ քայլեր կիրականացնի իտալացի գործարարներին ներկայացնելու ներդրումների համար Հայաստանի բարենպաստ բիզնես միջավայրը, միաժամանակ ընդգծել, որ ՀՀ-ի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը նոր հնարավորություններ է ստեղծում նաև իր երկրի ներդրողների համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս